ՇՊՀ-ն հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով առանց ընդունելության քննությունների ընդունելություն
Սիրելի՛ դիմորդներ, ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2026 թվականի հուլիսի 13-ի N 11-Լ հրամանի համաձայն՝ Շիրակի պետական համալսարանը հայտարարում է 2026-2027 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով առանց ընդունելության քննությունների փորձնական ընդունելություն` առաջին կուրսից ուսուցումը սկսելու համար:
Ընդունելությանը կարող են մասնակցել`
1. պետական և հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների հարակից ոլորտների մասնագիտություններով ամփոփիչ ատեստավորում անցած շրջանավարտները,
2. «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները։
Ընդունելությունն իրականացվում է ըստ հետևյալ մասնագիտությունների՝ https://shsu.am/media/pdf/qolejic-arajin.pdf
Դիմումներն ընդունվում են ս.թ.օգոստոսի 24-ից մինչև հոկտեմբերի 24-ը ներառյալ, ժամը 10:30 -16:00 (ընդմիջում` 13:00 -14:00), բացառությամբ շաբաթ, կիրակի և տոնական օրերի։
Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
1. դիմում` ուղղված բուհի ռեկտորին /լրացվում է տեղում/,
2. միջին մասնագիտական կրթությունը հավաստող ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի կրկնօրինակները («Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը չբավարարելու պատճառով աշխատանքից ազատված ուսուցիչները ներդիրը ներկայացնում են առկայության դեպքում, իսկ միջին մասնագիտական կրթություն չունենալու պարագայում ներկայացնում են միջնակարգ կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ),
3. երկու լուսանկար (3×4 չափսի).
4. անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
5. զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (միայն արական սեռի հավակնորդների համար).
6. հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոն զբաղեցնելու փաստը հավաստող տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում), աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին իրավական ակտի պատճենները.
7. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնություններից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):
Եթե բուհ ընդունվելու հավակնորդների թիվը գերազանցում է հավելված N 2-ով հաստատված ըստ կրթական ծրագրերի տեղերի թիվը, ապա հանձնաժողովը հավակնորդների ընտրությունն իրականացնում է մրցութային հիմունքներով` առաջնահերթությունն ըստ հաջորդականության տալով այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
1.գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).
2. ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական (միջին թվաբանականը հաշվարկելիս անցում է կատարվում 20 միավորային համակարգի և այն կլորացվում է տասնորդականի ճշտությամբ). պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Շիրակի պետական համալսարանի ընդունող հանձնաժողով կամ զանգահարել 091743051 հեռախոսահամարով:
