ՇՊՀ-ի քոլեջում ներկայացվեցին Էրազմուս+ ծրագրի հնարավորությունները

Այսօր Շիրակի պետական համալսարանի քոլեջը հյուընկալել էր Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներին՝ գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի ղեկավարությամբ։

Քոլեջի ղեկավար կազմի հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև #ՇՊՀ-ի արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի և գիտական քաղաքականության, որակի ապահովման ու կառավարման կենտրոնի տնօրենները, քննարկվեցին ՇՊՀ-ի քոլեջը ևս Էրազմուս+ ծրագրում ընդգրկելու հնարավորություններն ու անհրաժեշտ քայլերը։

Մասնակիցներն այդ առումով կարևորեցին միջազգային ծրագրերին մասնակցության ՇՊՀ-ի փորձը, որը կարող է ուղենիշ դառնալ քոլեջի համար։

Այնուհետ ընդլայնված կազմով քննարկում անցկացվեց Գյումրու 4 քոլեջների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգողը խոսեց միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների համար կարողությունների զարգացման, նախագծերի մշակման կարևորության, միջազգային համագործակցության առավելությունների մասին։

Ներկայացնելով հնարավորություններն ու ծրագրերի վերաբերյալ մանրամասներ՝ Լանա Կառլովան հույս հայտնեց, որ քոլեջները ևս կսկսեն ակտիվ ներգրավվել Էրազմուս+ ծրագրում՝ աչքի առաջ ունենալով նաև հայաստանյան համալսարանների փորձն ու ձեռքբերումները։