ՇՊՀ-ի ուսանողուհի Ալեքսանդրա Գրիգորյանի հերթական հաղթանակը միջազգային մրցաշարում
Ալբանիայում ընթացող ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում փայլուն հաղթանակ է տարել Շիրակի պետական համալսարանի «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ալեքսանդրա Գրիգորյանը և դարձել Եվրոպայի չեմպիոն։
Կանանց 57 կգ քաշային կարգում հանդես եկող Ա․ Գրիգորյանն անգերազանցելի արդյունք է գրանցել երկու վարժություններում էլ։ Պոկում վարժությունում մարզուհին հաջողությամբ բարձրացրել է 85 և 90 կգ՝ նվաճելով Ոսկե մեդալ։ Հրում վարժությունում գրանցելով 106, 109 և 112 կիլոգրամ արդյունք՝ Գրիգորյանը դարձյալ արժանացել է Ոսկե մեդալի։
Երկամարտի 202 կգ արդյունքով Ալեքսանդրա Գրիգորյանը հռչակվել է երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն՝ նվաճելով իր երրորդ Ոսկե մեդալը։
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում ենք մեր սիրելի ուսանողուհուն այս նշանակալի հաջողության առթիվ և մաղթում նորանոր հաղթանակներ:
