ՇՊՀ-ի ուսանողները շնորհակալագրեր են ստացել Գյումրու Ռուսական տնից

Շիրակի պետական համալսարանի «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Ռուզաննա Հովհաննիսյանը և նույն մասնագիտության մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիա Հովհաննիսյանը շնորհակալագրեր են ստացել Գյումրիում Ռուսական տան կողմից կազմակերպված ամառային դպրոցին որպես դասավանդող մասնակցելու, ցուցաբերած ստեղծագործական մոտեցման և արհեստավարժ աշխատանքի համար։

Շիրակի պետական համալսարանում շնորհակալագրերը և խրախուսական նվերներն ուսանողներին հանձնեցին Գյումրիում Ռուսական տան ներկայացուցիչներ Անահիտ Պետրոսյանը և Սվետլանա Հովհաննիսյանը՝ խրախուսելով նրանց նվիրվածությունն ու մասնագիտական հմտությունները գործնականում արդյունավետ կիրառելու կարողությունը։ Նրանք ընդգծեցին, որ ուսանողուհիներն իրենց լավագույնս են դրսևորել ամառային դպրոցի ընթացքում, կարողացել են սաների համար ռուսաց լեզվի դասավանդումն իրականացնել նորագույն մեթոդների կիրառմամբ։

ՇՊՀ-ի ուսանողուհիները հանդիպմանը մասնակից դասախոսներին և ուսանողներին ներկայացրեցին մեկամսյա ամառային դպրոցում իրենց կատարած աշխատանքները՝ կարևորելով երեխաների հետ շփումներն ու ձեռք բերած փորձառությունը։

ՇՊՀ-ի օտար լեզվի ամբիոնի դասախոսներն էլ, իրենց հերթին, շեշտեցին Գյումրիում Ռուսական տան հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը և խրախուսեցին բաժնի մյուս ուսանողներին ևս ակտիվ ներգրավվել համատեղ իրականացվող ծրագրերում։