Բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Հայրապետյանն այսօր դարձավ 70 տարեկան

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն այսօր հյուրընկալեց բանասիրական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրեն Սերգո Հայրապետյանին։
Շնորհավորելով ՀՀ Գիտության վաստակավոր գործչի ծննդյան 70-ամյակը՝ ՇՊՀ-ի ղեկավարությունը նրան մաղթեց քաջառողջություն, երկար տարիներ կյանք ու բեղմնավոր գործունեության շարունակականություն։
Շիրակի մայր բուհում ծավալած գիտամանկավարժական երկարամյա արդյունավետ գործունեության համար Երվանդ Սերոբյանը շնորհակալագիր հանձնեց հոբելյարին և շնորհակալություն հայտնեց հայագիտության բնագավառում ներդրած անգնահատելի ավանդի համար։
Սիրված դասախոսին և ավագ գործընկերոջը մեծարեցին և շնորհավորեցին նաև համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները և ուսանողները։
Կազմակերպված ցերեկույթին ՇՊՀ-ի դասախոսները շնորհավորական խոսքեր հղեցին սիրելի գործընկերոջը և մտաբերեցին հիշարժան պահեր կապված Սերգո Հայրապետյան անձի և գիտնականի հետ։ Ներկաները լսեցին նաև այլ համալսարանների դասախոսների, գործընկերների, նախկին և ներկա ուսանողների շնորհավորական տեսաուղերձները, հոբելյարին փոխանցվեց նաև ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության և Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտների ղեկավարների ուղերձները։
Հանդիպման ավարտին Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը Սերգո Հայրապետյանին հանձնեց Գյումրի համայնքի ղեկավարի պատվոգիրը։