ՇՊՀ-ի ավագ դպրոցում մեկնարկել է «Վարպետաց դասերի» շարքը

Ուսուցչի օրվան ընդառաջ՝ «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցում մեկնարկել է «Վարպետաց դասեր» նախաձեռնությունը:

Հոկտեմբերի 4-ին նախաձեռնության շրջանակներում «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Երվանդ Սերոբյանը դպրոցի ֆիզմաթ հոսքի 11-րդ դասարանի աշակերտների համար անցկացրել է ֆիզիկայի դաս, որի ընթացքում լուծվել են խնդիրներ, իրականացվել ինտերակտիվ քննարկումներ թեմայի շուրջ:

Իր այցի ընթացքում ռեկտորը խորհրդանշական նվեր է հանձնել ֆիզիկայի ուսուցչուհի Ելենա Գալստյանին՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը գերազանց արդյունք ցուցաբերելու համար: Շնորհավորանքի խոսքեր են հղվել ուսուցչական համակազմին:

Այցի ավարտին Երվանդ Սերոբյանն ավագ դպրոցին է նվիրել իր համահեղինակությամբ հրատարակված գրքերը՝ «Ֆիզիկայի շտեմարանի խնդիրների լուծման ուղեցույց», «Մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսումնամեթոդական ձեռնարկ», «Ֆիզիկայի շտեմարան 3-ի խնդիրների լուծումների ժողովածու»:

«Վարպետաց դասերը» շարունակվելու են: Դրանք կանցկացնեն համալսարանի մասնագիտական ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի փորձառու և վաստակաշատ ներկայացուցիչները։