Մասնագիտական առաջընթացի նոր հանգրվան. ՇՊՀ-ում հանձնվեցին 20 կրեդիտ շնորհող վերապատրաստման երկրորդ փուլի վկայականները

Շիրակի պետական համալսարանը ԿԳՄՍ նախարարության կողմից ստացած հնգամյա երաշխավորությամբ շարունակում է հաջողությամբ կյանքի կոչել «Նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող» 20 կրեդիտ շնորհող վերապատրաստման ծրագիրը:

Ս.թ. հոկտեմբերի 10-ին բուհում կայացավ վերապատրաստման երկրորդ փուլի մասնակիցների  վկայականների հանձնման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը մասնակիցներին հանձնեց ավարտական վկայականները, շնորհավորեց նրանց և մաղթեց հաջողություններ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում: Նա կարևորեց դաստիարակի աշխատանքն անձի ձևավորման գործընթացում՝ հորդորելով, որ մասնագիտական գիտելիքների կիրառմանը զուգահեռ ուշադրություն դարձնեն նաև ջերմ ու հոգատար վերաբերմունքի ապահովմանը յուրաքանչյուր սանի նկատմամբ:

Ռեկտորը բարձր գնահատեց նաև բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և Արտաքին համագործակցության կենտրոնի այն ներկայացուցիչների գործունեությունը, ովքեր մասնագիտական պատրատականությամբ ու պատասխանատվությամբ են իրականացնում վերապատրաստման ընթացքում նախատեսված աշխատանքները:

Վկայականների հանձնման պահը լի էր ջերմությամբ և հուզմունքով: Մասնակիցները, ստանալով վկայականները, իրենց երախտագիտությունը հայտնեցին ՇՊՀ-ի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին՝ ամենօրյա ուշադրության ու աջակցության, ինչպես նաև արդիական դասախոսությունների, գործնական մոտեցումների և ջերմ ընդունելության համար: Նրանք նշեցին, որ այս վերապատրաստումն իրենց համար լոկ կրեդիտներ հավաքելու հերթական փուլ չէր, այլ մասնագիտական գիտելիքների թարմացման, ինչպես նաև դրանց կիրառման կարողությունների ու հմտությունների ձևավորման և զարգացման լավագույն հնարավորություն, ինչի արդյունքներն արդեն իսկ կիրառում են իրենց ամենօրյա աշխատանքում։ Նրանք առանձնահատուկ նշեցին բուհում առակա բարձր մակարդակի կրթական միջավայրի և վերապատրաստման իրականցման ճկուն համակարգի մասին, ինչը հնարավորություն տվեց իրենց առավելագույնս ներգրավվել ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքներում:

Նշենք, որ նոյեմբերին ՇՊՀ-ում սկսվելու է  ծրագրի երրորդ փուլը: