Կույրերի միջազգային օրվան նվիրված միջոցառում ՇՊՀ-ում

Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն էր։ ՇՊՀ-ում օրվան նվիրված միջոցառում էր կազմակերպել մանկավարժության ամբիոնը։

Միջոցառմանը մասնակցում էին բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները, «Երեխաների տուն» խնամքի կենտրոնի աշխատակիցներն ու սաները։

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ ընդգծելով նման նախաձեռնությունների անհրաժեշտությունը։ Ռեկտորը նշեց ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող անձանց համար անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի, այլ նաև նրանց հանդեպ հասարակության վերաբերմունքի և ուշադրության կարևորությունը։

Միջոցառման մասնակիցներին ողջունեցին նաև մանկ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը, ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը՝ կարևորելով նաև համապատասխան մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը և ողջունեցին այն ուսանողներին, ովքեր ընտրել և սովորում են այդ մասնագիտություններով։

ՇՊՀ-ի «Կենսաբանություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Անի Ղազարյանը և «Մաթեմատիկա» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Հասմիկ Ադամյանը հանդես եկան տեսողության խանգարման հոգեբանամանկավարժական առանձնահատկությունները և տիֆլոմանկավարժության խնդիրները ներկայացնող զեկուցումներով։

Միջոցառման երկրորդ հատվածում ներկաները թեմատիկ ֆիլմ դիտեցին, ապա հարթակը տրամադրվեց փոքրիկներին։ Ասմունքով ու երաժշտական կատարումներով հանդես եկան Գյումրու «Երեխաների տուն» խնամքի կենտրոնի սաներն ու Գյումրու թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտները։

Միջոցառման ավարտին ՇՊՀ ռեկտորը արդյունավետ համագործակցության համար շնորհակալագիր հանձնեց  Գյումրու «Երեխաների տուն» խնամքի կենտրոնի տնօրենին։