ՇՊՀ-ում ավարտվեցին 2023-2027թթ․ զարգացման ռազմավարական ծրագրի աշխատանքային տարբերակի քննարկումները

Շիրակի պետական համալսարանում ավարտվեցին բուհի՝ 2023-2027թթ. զարգացման ռազմավարական ծրագրի աշխատանքային տարբերակի քննարկումները։

Կարևորելով համալսարանի համար առանցքային փաստաթղթի առավել հրապարակային ու թափանցիկ քննարկումը, ինչպես նաև հանրային լայն ներգրավվածության ապահովումը՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նոյեմբերի 7-11-ը հանդիպում-քննարկումներ է ունեցել համալսարանի ներքին ու արտաքին շահառու և շահակից խմբերի հետ։

Համալսարանի կենտրոնների տնօրենների, բաժինների պետերի, ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների, գիտությունների դոկտորների, ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի ներկայացուցիչների, գործատուների, շրջանավարտների, ՇՊՀ-ի քոլեջի և ավագ դպրոցի տնօրենների հետ առանձին հանդիպումներին ռեկտորը ներկայացրել է ռազմավարական ծրագրի հիմնադրույթները և կառուցվածքային առանձնահատկությունները, անդրադարձ է կատարել բուհի գործունեության երեք գերակա նպատակներին՝  որակյալ կրթություն,  արդիական և նորարար գիտական հետազոտություններ, հանրային ներգրավում։ Երվանդ Սերոբյանը լսել է շահառու խմբերի առաջարկություններն ու դիտարկումները, որոնք ևս կմշակվեն և կընդգրկվեն ՇՊՀ-ի  զարգացման ռազմավարական ծրագրի նախագծային տարբերակում։ Ըստ էության ռազմավարական ծրագրի աշխատանքային տարբերակը բովանդակային լուրջ փոփոխությունների չի ենթարկվելու, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, ՌԾ-ն առավելապես խարսխված է հետազոտահենք վերլուծությունների, ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական զեկույցում ամրագրված ուղենշային դիտարկումների վրա և կազմվել է՝ հաշվի առնելով ստորաբաժանումների կողմից նախապես ներկայացված զարգացման առաջնահերթությունները։

Նշենք, որ փաստաթղթի աշխատանքային տարբերակը նոյեմբերի 4-13-ը տեղադրվել էր նաև համալսարանի կայքէջում նոր գործարկված  «Նախագծերի քննարկում» պատուհանում՝ առավելագույն հրապարակայնություն ապահովելու նպատակով և առցանց հարթակում ևս լայն լսարանին հնարավորություն տալով մասնակից լինել գործընթացին։

ՇՊՀ-ի՝ 2023-2027թթ. զարգացման ռազմավարական ծրագրի նախագծային տարբերակը առաջիկայում կներկայացվի բուհի Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը։