Կյանքից հեռացել է Շիրակի մայր բուհի երկարամյա դասախոս Մանիկ Սարգսյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 70-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա դասախոս, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանիկ Հրաչի Սարգսյանը:

Մ. Սարգսյանը ծնվել է 1951 թվականին, Լենինականում:

1977-ին Մ. Սարգսյանը կենսաբանություն և քիմիա մասնագիտությամբ ավարտել է  Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը:

2006 թվականին ՀՀ Գիտությունների ակադեմիայի Օրգանական քիմիայի ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2009-ին՝ դոցենտի կոչում:

Երկարամյա մանկավարժական գործունեության ընթացքում Մ. Սարգսյանը քիմիա է դասավանդել Գյումրու թիվ 25, թիվ 16 դպրոցներում, ակադեմիական վարժարանում:

1995-ին Մ. Սարգսյանն արժանացել է «Տարվա լավագույն ուսուցիչ» պատվավոր կոչման, 1996-ին՝ «Քիմիայի հետազոտող ուսուցիչ» տարակարգին:

1996 թվականից նա դասախոսական աշխատանքի է անցել ՇՊՀ-ում՝ 2006-2017թ.թ. ղեկավարելով դեղագործական քիմիայի, քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը:

Երկարամյա գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում Մ. Սարգսյանի կողմից կարդացած դասախոսությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է քիմիայի, դեղագործական քիմիայի, դասավանդման նորագույն մեթոդների ոլորտները: Նա հեղինակ է ավելի քան 10 գիտական հոդվածների, մեթոդական ձեռնարկի, ինչպես նաև համահեղինակ է տարբեր տեղեկագրերի:

Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ Մ. Սարգսյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են  հղում Մ. Սարգսյանի հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Մանիկ Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 11-ին, ժ. 17:00-ին, «Անի» թաղամասի Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում, հուղարկավորությունը՝ հուլիսի 12-ին:

 

ՇՊՀ ռեկտորատ