Գրական ցերեկույթ ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում այսօր գրական ցերեկույթ էր․ պոեզիայի ու երգի սիրահարներին մեկտեղել էր գրող, հրապարակախոս Կորյուն Առաքելյանի հետ հանդիպումը։

Հեղինակի 10-րդ՝ «Ադամալույսին ընդառաջ» գրքի ներկայացմանը մասնակցում էին գրողներ, երգահաններ, դասախոսներ և ուսանողներ։

Ողջունելով ներկաներին՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը կարևորեց մշակութային միջոցառման անցկացումը համալսարանում և նշեց, որ արարելով ու ստեղծագործելով ենք կարողանալու հաղթահարել մեր դժվարությունները։

Հասարակական գործիչ-գրողը պատիվ համարեց իր ստեղծագործությունները ներկայացնել մշակութային մայրաքաղաքում և լսել գյումրեցի մտավորականների ու երիտասարդ ստեղծագործողների կարծիքը։

Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին գրողի կյանքի ու գործունեության առանցքային դրվագները, ՇՊՀ-ի  ուսանողների և հեղինակի կատարմամբ հնչեցին նրա ստեղծագործություններից հատվածներ։ Ներկաներն ունկնդրեցին նաև Կորյուն Առաքելյանի խոսքերով երգահաններ Մայա Աֆրիկյանի և Մարտին Ահարոնյանի գրած երգերը՝ նրանց իսկ կատարմամբ։