Մոնիթորինգային այց ՇՊՀ՝ Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակում

«Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) ծրագրի շրջանակում հոկտեմբերի 21-ին մոնիթորինգային այցով Շիրակի պետական համալսարնում էին Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանն ու Եվրոպական ծրագրերի համակարգող Գոհար Ղալաչյանը:

Ծրագրի հայաստանյան համակարգողները հանդիպում ունեցան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, ուսումնամեթոդական գործընթացների կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանի ու արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանի հետ։ Կողմերը քննարկեցին միջազգային ծրագրի մանրամասները, ծրագրով նախատեսված հետագա անելիքները։

Էրազմուս+ WBL4JOB ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռնարկությունների ու բուհերի միջև համագործակցությունը, բարձրացնել շրջանավարտների աշխատունակությունը, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանում և Մոլդովայում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն:

WBL4JOB ծրագրի հայաստանյան համակարգողներն ընդլայնված հանդիպում-քննարկում ունեցան նաև Շիրակի պետական համալսարանից ծրագրին մասնակցող աշխատանքային խմբի հետ։ ՇՊՀ-ի թիմը ներկայացրեց մինչ այս ծրագրի շրջանակում համալսարանում կատարված աշխատանքները։ Մասնակիցները քննարկեցին նաև բարձրագույն կրթության համակարգում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրման հայեցակարգի և բարձրագույն դուալ կրթության ուղեցույցի նախնական տարբերակները, կատարեցին առաջարկություններ, անդրադարձան ծրագրի հետ կապված այլ ընթացիկ հարցերի։

Նշենք, որ եռամյա ծրագիրը մեկնարկել է 2021 թվականին, մասնակից գործընկեր հաստատությունների թվում են հայաստանյան 2 համալսարան՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանը և Շիրակի պետական համալսարանը, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու Հայաստանի բանկերի միությունը։