Աշխատանքային այցով ՇՊՀ-ում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը

Այսօր աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում էր ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դեսպանը Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և կառուցվածքային ստորոբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ շրջեց համալսարանում, եղավ գրադարանում, սպորտդահլիճներում, կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում՝ ծանոթանալով բուհի նյութատեխնիկական հնարավորություններին։

Երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներն այնուհետ քննարկվեցին ընդլայնված կազմով հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Գյումրիում ռուսական տան տնօրենի պարտականություններ կատարող Անտոն Բերյանևը, համալսարանի կենտրոնների տնօրենները, ֆակուլտետների դեկանները, ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը, դասախոսները և ուսանողները։

Ե․ Սերոբյանը, ողջունելով դեսպանին, նշեց, որ ՇՊՀ-ում երկար տարիների պատմություն ունեցող ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի գործունեությունն ուղղված է ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի տարածմանը։ Ամբիոնի շրջանավարտներ- մանկավարժները ողջ հյուսիսային տարածաշրջանում ռուսաց լեզվի դեսպաններն են։ ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ համագործակցության հաջող փորձ ունեն որոշ ռուսական համալսարանների հետ և հույս հայտնեց, որ դեսպանության աջակցությամբ հնարավոր կլինի ընդլայնել համագործակցության շրջանակը գիտական հետազոտությունների ոլորտում և նոր ծրագրեր կյանքի կոչել։

Դեսպան Սերգեյ Կոպիրկինը ևս կարևորեց ռուս-հայկական փոխգործակցությունը կրթության ոլորտում՝ այդ համատեքստում առանձնացնելով Գյումրիում ռուսական տան հետ միջոցառումների անցկացումը, որոնք միջմշակութային երկխոսության և փոխադարձ կապերի ամրապնդման հնարավորություն կընձեռեն։

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոսների և ուսանողների առաջարկները ևս ուղղված էին ռուսական համալսարանների և կենտրոնների հետ փոխադարձ կապերի ամրապնդմանը, ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրերի իրականացմանը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին համատեղ քննարկումներ կազմակերպել և հանդես գալ նոր նախաձեռնություններով: