Լրագրողի մասնագիտության գաղտնիքները՝ «Գյումրու տնտեսագիտական վարժարան»-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի աշխատակիցները հանդիպում ունեցան «Գյումրու տնտեսագիտական վարժարան» ՊՈԱԿ-ի հումանիտար հոսքի բարձր դասարանի աշակերտների հետ՝ ներկայացնելով լրագրողի կարևոր դերը հասարակական-քաղաքական կյանքում։

Հանդիպումն անցավ աշխույժ մթնոլորտում՝ ակտիվ հարցուպատասխանով։ Այն սկսվեց Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած հայկական անդրանիկ թերթի՝ «Ազդարար»-ի մասին զրույցով։ Լրագրողների հարցին՝ որտե՞ղ է տպագրվել հայկական անդրանիկ թերթը, աշակերտները միաբերան պատասխանեցին՝ Մադրասում, 1794 թվականի հոկտեմբերի 16-ին ։ Նրանք նաև մանրամասներ ներկայացրեցին Հնդկաստանի այս քաղաքում Շահամիր Շահամիրյանի կողմից 1771 թվականին հիմնած տպարանի ու այնտեղ լույս տեսած առաջին քաղաքական հրապարակախոսական աշխատության՝ « Նոր Տետրակ, որ կոչվի հորդարակ»-ի մասին, որի հեղինակը Մովսես Բաղրամյանն է։

Աշակերտները ցույց տվեցին իրենց գիտելիքները նաև Մխիթարյան Միաբանության մասին։ Նրանցից յուրաքանչյուրն ուներ իր հարցը լրագրողներին, հետաքրքի՞ր է արդյոք այս մասնագիտությունը, ի՞նչ օգուտ են տվել լրագրողները Հայաստանի Հանրապետության, մասնավորապես Գյումրի քաղաքի բնակիչներին, ո՞րն է եղել նրանց ամենաազդիկ նյութը, ինչպե՞ս են շփվում լրատվության աղբյուրների հետ և շատ այլ հարցեր։

Մոտ մեկ ու կես ժամ տևած հանդիպման ավարտին աշակերտներից շատերը ցանկություն հայտնեցին իրենց տնօրենի՝ Նառա Չախոյանի ուղեկցությամբ այցելել Շիրակի պետական համալսարան և ստուդիայի աշխատակիցների օգնությամբ մասնակցել նկարահանումների ու նաև վարպետության դասի։