Ամառային դպրոց ՇՊՀ-ում․ օր 1

Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է մեկշաբաթյա ամառային դպրոցը, որին մասնակցում են Շիրակի մարզի նախապես հայտագրված դպրոցների ավարտական դասարանների աշակերտները։ Միջոցառման բացմանը ներկա էին նաև աշակերտների ծնողները և ուսուցիչները։

Ողջունելով համալսարանում առաջին անգամ անցկացվող միջոցառումը՝ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը մասնակիցներին խորհուրդ տվեց լինել ակտիվ, օգտագործել ընծեռած հնարավորությունը և հույս հայտնեց, որ նրանցից շատերը որպես ուսանող կվերադառնան Շիրակի մայր բուհ։

ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանն էլ աշակերտներին բարի ընթացք մաղթեց՝ 5 օրյա ամառային դպրոցը մասնագիտական կողմնորոշման և համալսարանական կյանքին ծանոթանալու լավագույն հնարավորություն համարելով։

Աշակերտները նախ շրջայց կատարեցին համալսարանում, եղան ընթերցասրահում, «Բանականության բանալի» ակումբում, լսարաններում։

Առաջին օրվա ծրագրում ծանոթացումն էր բնագիտամաթեմատիկան ֆակուլտետի հնարավորություններին։ Դեկան Լևոն Մարտիրոսյանն աշակերտներին ներկայացրեց մասնագիտությունները, որոնցով ֆակուլտետում կատարվում է ընդունելություն, խոսեց գիտահետազոտական աշխատանքներում ընդգրկվելու հնարավորությունների մասին։

Աշակերտները ներկա եղան նաև ֆակուլտետի դասախոսների և ուսանողների կողմից կատարվող քիմիայի և ֆիզիկայի լաբորատոր փորձերին։

Օրն ամփոփվեց սպորտային միջոցառումներով, աշակերտներն իրենց ուժերը չափեցին սեղանի թենիսի, բադմինտոնի մրցաշարերում։