ՇՊՀ-ի շրջանավարտների համար խորհրդատվական սեմինար է կազմակերպվել

Կարևորելով աշխատաշուկայում ՇՊՀ -ի շրջանավարտների մրցունակության բարձրացման և բուհ-շրջանավարտ կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ համալսարանում խորհրդատվական սեմինար է կազմակերպվել շրջանավարտների համար։

Հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթը, ըստ նոր կարգի, անցկացվում է երկու՝ թեստավորման և հարցազրույցի փուլով։ ՇՊՀ-ում կազմակերպված սեմինարի նպատակը թեստավորման փուլի հարցաշարին ծանոթացնելն էր, ինչպես նաև ապագա մանկավարժներին մրցույթին պատրաստվելիս մասնագիտական աջակցություն տրամադրելը։

Սեմինարն ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է նախորդ ուստարում մանկավարժի որակավորմամբ համալսարանն ավարտած և դեռ աշխատանք չունեցող շրջանավարտների համար։

Քառօրյա սեմինարը վարել են համալսարանի արտաքին շահառուների վերապատրաստման դասընթացների համակարգող Մեսրոպ Ղալաչյանը և իրավախորհրդատու Վահե Բաղդասարյանը, մասնակցել է 11 շրջանավարտ, որոնք ստացան սեմինարի մասնակցության վկայականներ։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, հանձնելով վկայականները, կարևորեց նախաձեռնությունը շրջանավարտների հետ կապի պահպանման և զարգացման տեսակետից։ Նա նաև հույս հայտնեց, որ սեմինարին մասնակցությունը հնարավորություն կտա շրջանավարտերին հաղթահարել մրցույթի շեմը և համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի անցնել։