ՇՊՀ-ում էին ռուսաստանյան բուհերի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր Ռուսաստանի Դաշնության բուհերի ներկայացուցիչներին: Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի օժանդակությամբ համալսարանում ներկայացվեց “Russia Study” ծրագիրը, որն օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է տալիս սովորել Ռուսաստանում:

Ռուսաստանյան ավելի քան 500 համալսարանում բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում ցանկացած մասնագիտությամբ Հայաստանի քաղաքացիների համար հատկացված է անվճար ուսուցման 200 տեղ:

“Russia Study”- https://russia.study/ru — օնլայն հարթակում հնարավոր է հեշտությամբ ընտրել համալսարանը, մասնագիտությունն ու լրացնել հայտը տվյալ բուհում սովորելու համար: Ծրագիրը յուրաքանչյուր ուսանողին հնարավորություն է տալիս ընտրել 6 համալսարան և մասնակցել մրցույթին, որն անցկացվելու է Հայաստանում:

Այսօր 4 բուհերի՝ Սանկտ Պետերբուրգի արդյունաբերական տեխնոլոգիաների և դիզայնի պետական համալսարանի, Սանկտ Պետերբուրգի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի, Մոսկվայի էներգետիկական համալսարանի և Ռուսական տեխնոլոգիական համալսարանի պատվիրակները Գյումրիի բուհերի ուսանողներին ու դասախոսներին ներկայացրին իրենց համալսարաններում գործող ֆակուլտետներն ու մասնագիտությունները, խոսեցին բուհերի հնարավորությունների մասին, պատասխանեցին ներկաների հարցերին:

Ռուսաստանում կրթությունը շարունակելու ծրագրով հետաքրքրված ուսանողները այլ մանրամասներ կարող են ստանալ Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնից կամ այցելել ծրագրի կայքէջ՝ https://russia.study/ru: