ՇՊՀ-ի ուսանողները շուկայի ուսումնասիրություն են կատարել պրակտիկայի շրջանակներում

Շիրակի պետական համալսարանի «Սոցիոլոգիա» մասնագիտության 4-րդ կուրսի 5 ուսանող ուսումնական պրակտիկան անցկացրել է Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում։ Աշխատաշուկայի սոցիոլոգիա ուղղվածությամբ պրակտիկայի շրջանակում ուսանողները ՀՈԱԿ-ի տնօրեն Լիլիթ Մակարյանի ղեկավարությամբ շուկայի ուսումնասիրություն են կատարել` պարզելու ՀՀ քաղաքացիների տեղեկացվածությունը second hand հասկացության և second hand խանութներից օգտվելու մասին:
Ուսումնասիրության արդյունքները ներկայացնելու նպատակով համալսարանում հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էին ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը, հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանը, հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչի ԺՊ Կարինե Սահակյանը, ամբիոնի դասախոսներ, ուսանողներ։
Գյումրու «Երիտասարդական պալատ»-ի տնօրենը խոսեց ուսանողների կատարած աշխատանքի մասին՝ 5-շաբաթյա պրակտիկան գնահատելով արդյունավետ։ Հաջորդիվ ապագա սոցիոլոգները ամփոփ ներկայացրեցին ուսումնասիրության թեման, հետազոտության խնդիրները, առաջադրած վարկածները, մեթոդները, որոնցով աշխատել են և վերլուծեցին արդյունքները։
Ծավալված քննարկման ավարտին ՇՊՀ-ի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ին՝ մշտապես ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, ուսանողներին էլ՝ տեսական հմտությունները գործնականում կիրառելու և ավարտուն ուսումնասիրություն կատարելու համար։