ՇՊՀ-ում դասախոսություն վարեց երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանը

Դեկտեմբերի 7-ի նախօրեին Շիրակի պետական համալսարանում «Սպիտակի 1988թ․ ավերիչ երկրաշարժը և դրա դերը սեյսմիկ անվտանգության ապահովման գործում» թեմայով դասախոսություն վարեց երկրաֆիզիկոս, երկրաբանական գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։
Պրոֆեսորը ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը թվային տվյալներով, գծագրերով և քարտեզներով ցույց տվեց Սպիտակի երկրաշարժի գրանցումը տարբեր սարքավորումներով և կայաններում, ներկայացրեց երկրաշարժի հիմնական կորուստները, խոսեց հետցնցումների բաշխման, փրկվածների քանակի դինամիկայի մասին։
Ականավոր գիտնականը անդրադարձավ երկրաշարժի մասին իր կատարած ուսումնասիրությունների և հետազոտությունների հիմնաքարային արժեք ունեցող որոշ արդյունքների, տվյալներ ներկայացրեց նաև Գյումրի քաղաքի սեյսմիկ ռիսկի գնահատումից։
Հանդիպման ավարտին Սերգեյ Նազարեթյանը ներկայացրեց իր և գործընկերների հեղինակային գրքերը և սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության պատրաստվածության բարձրացմանը միտված ուսումնական ձեռնարկները, ապա պատասխանեց ներկաների հարցերին։