ERASMUS+ AbioNet ծրագրի մեկնարկային հանդիպում

2018թ. փետրվարի 5-9 Հունաստանի Սալոնիկի քաղաքում կայացավ ERASMUS+ AbioNet-”Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology”, («Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց») ծրագրի մեկնարկային հանդիպումը: Ծրագրի տևողությունը 3 տարի է (2017-2020թթ.), որի հիմնական նպատակը բիոարտադրության ոլորտում կրթության, ձեռնարկատիրության և նորարարության միջև հաստատուն կապի ստեղծումն է:

Եվրոպական կողմից հանդիպմանը  մասնակցում էին ծրագրի համակարգող Սալոնիկի Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտը (Հունաստան), Դրեզդենի տեխնիկական համալսարանը (Գերմանիա), Թերամոյի համալսարանը (Իտալիա), Պորտուգալիայի կաթոլիկ համալսարանը (Պորտուգալիա):

Ծրագրի հայստանյան մասնակիցներն էին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Շիրակի պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Գավառի պետական համալսարանը:

Շիրակի պետական համալսարանից հանդիպմանը մասնակցում էին բուհի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Գայանե Օքսուզյանը, անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Արմինե Սուվարյանը:

Հանդիպման ընթացքում համակարգող բուհը ներկայացրեց աշխատանքային փաթեթները, քննարկվեցին ոլորտին առնչվող կրթական ծրագրերի ուսումնական պլանները, առաջիկա մեկ տարվա անելիքները՝ կազմելով ժամանակացույց նախատեսված յուրաքանչյուր գործողության համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսված է նաև անգլերեն և հայերեն լեզուներով պաշտոնական կայքէջի ստեղծում՝ ծրագրի վերաբերյալ տեղեկատվության տարածման նպատակով: