ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանի ուղերձը մագիստրոս-շրջանավարտներին

Այսօր տոն է Շիրակի պետական համալսարանում. մենք կյանքի ուղեգիր  ենք տալիս մագիստրոսների արդեն 9-րդ սերնդին: Բազմաթիվ մտավորականների ինքնահաստատման և ինքնաճանաչման լուսավոր մի դարբնոց է եղել մեր բուհը և այսօր էլ շարունակում է լինել այդպիսին: Համալսարանը միշտ առաջ է ընթացել իր պատվախնդիր առաքելության հստակ գիտակցումով՝  կրթության ու գիտության հարկն իմացող շիրակցու համար լինելով ուղենիշ: Շիրակի մայր բուհն իր գործունեությունը մշտապես ծավալել է նորի առջև իր խոնարհումով և ավանդականի հանդեպ իր ակնածանքով՝ հյուսիսային Հայաստանի և Ջավախքի համար լինելով ուսումնագիտական և կրթամշակութային առաջատար կենտրոն: Մենք հետայսու էլ պարտավոր ենք առավել մեծ պատասխանատվությամբ կրելու համալսարանականի մեր անունը:

Միշտ հիշեք, որ այսօր էլ մեր բուհը հաստատակամ քայլերով գնում է ի’ր ճանապարհով, իրականացնում է կրթական առաքելություն, որն առավելապես միտված է  աշխատանքային միջավայրի պահանջներին:

Այսօր էլ, սիրելի´ մագիստրոսներ, ձեզ ենք ճանապարհում մեծ կյանք,  ճանապարհում ենք ծնողական գորովով, ձեր մասնագիտական պատրաստվածության և մարդկային նկարագրի հանդեպ անվերապահ հավատով և վստահ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր գործունեության մեջ կլինի լավագույնը, օրինակելին՝ ի բարօրություն մեր ոգեկորով հայրենիքի: Հավատացած եմ՝ կյանքը ձեզ ուր էլ որ տանի, դուք ցանկացած ասպարեզում կկարողանաք բարձր պահել մեր բուհի հեղինակությունը:

Շնորհավորում եմ ձեզ, սիրելի մագիստրոսներ, այս տոնական  օրվա առթիվ, թող հանձնվող դիպլոմները լինեն ձեր հետագա առաջընթացի երաշխիքը: Շնորհավորում եմ նաև ձեզ, սիրելի´ ծնողներ, ձեր զավակների կարևոր ձեռքբերման համար: Շնորհավորանքներիս միանում է ողջ համալսարանը՝ իր պրոֆեսորադասախոսական կազմով: Ցանկանում եմ ձեզ հաջողություններ, անսպառ ուժ ու եռանդ, աննկուն կամք և հաստատակամություն ձեր բարի ձեռնարկումների մեջ՝ ի հզորացում մեր ոգենորոգ հայրենիքի:

Բարի երթ ձեզ, սիրելի մագիստրոսներ …