Կյանքից անժամանակ հեռացել է Շիրակի մայր բուհի դասախոս Խաչատուր Իսրայելյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ երկարատև ծանր հիվանդության պատճառով կյանքի 64-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի դասախոս Խաչատուր Իսրայելյանը:

Խ. Իսրայելյանը ծնվել է 1958 թվականին, Լենինականում (այժմ՝ Գյումրի) :

1975-ին ընդունվել և 1980-ին ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ:

Ուսումնառությունն ավարտելուց հետո, 1980-1982թ.թ. բանակային ծառայությունն անցկացրել է Գերմանիայում:

1982-89թ.թ. Խ. Իսրայելյանն աշխատել է «Ստրոմմաշինա» գործարանում՝ որպես պլանա-տնտեսական բաժնի վարիչ:

Այնուհետև, 1989-ից մինչև 1994 թվականը վարիչի պաշտոնում ղեկավարել է պլանա-տնտեսական և աշխատանքի ու աշխատավարձի բաժինները «Շինարարության կոորդինացման վարչությունում» և «Շիրակշինտրեստում»:

1982 թվականից նա անցել է դասախոսական աշխատանքի՝ ծավալելով գիտամանկավարժական գործունեություն Հայաստանի ազգային պոլիտեխնիկականի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղերում, իսկ 1989-ից՝ Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում:

Շուրջ 40 տարվա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Խ. Իսրայելյանի կողմից կարդացած դասախոսությունների ու գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է ժամանակակից տնտեսագիտության տեսական և գործնական ոլորտներին առնչվող հարցերը:

2018-20թ.թ. Խ. Իսրայելյանն եղել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, 2015-ից համակարգում էր բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի որակի ապահովման աշխատանքները:

2018 թվականին, հաշվի առնելով Խաչատուր Իսրայելյանի անբասիր աշխատանքն ու գիտամանկավարժական նշանակալի վաստակը, ՇՊՀ գիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ:

Իր աշխատանքին ու հարազատ բուհին անմնացորդ նվիրվածության շնորհիվ Խ. Իսրայելյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու ամբողջ հանրույթն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Խ. Իսրայելյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Խ. Իսրայելյանի հոգեհանգիստը կլինի հունվարի 26-ին, ժամը 16:00-ին, «Անի» թաղամասի սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցում:

Հուղարկավորությունը՝ հունվարի 27-ին, ժամը 13:30-ին, նույն եկեղեցուց:

ՇՊՀ ռեկտորատ