ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

Հայոց բանակը մեր դարերով երազած պետականության ամենահզոր ձեռքբերումներից է։ Միայն մարտունակ բանակը կարող էր լինել Հայոց նորանկախ պետության համար առաջնահերթ նշանակություն ունեցող անկախության և անվտանգության պահպանման երաշխիքը:

Պատերազմի թոհուբոհով կոփվելով ու հայրենիքին նվիրյալների կյանքի գնով ձևավորված բանակն այս 3 տասնամյակում բազում հաղթանակներ է կերտել, անհավասար ուժերի դեմ մարտնչելով՝ հաղթել պատերազմ, կասեցրել թշնամու սանձազերծած մարտական գործողություններ։

2020 թվականը հայոց բանակի տարեգրության մեջ բեկում մտցրեց՝ պատերազմների պատմության նոր դարաշրջանին նորովի պատրաստվելու մարտահրավերով։ Այդ մարտահրավերն ուղղված էր ոչ միայն հայոց բանակին, այլ մեր երկրին և ազգ- բանակ կոնցեպտի նորովի ընկալմանն ու ձևավորմանը։

Այսօր՝ հողագործ թե գիտնական, յուրաքանչյուրիս պարտքն է մշտապես կանգնած լինել մեր բանակի կողքին, բարոյապես թե գիտական ու տեխնիկական առաջընթացի օգնությամբ հզորացնել մեր բանակը։ Յուրաքանչյուրս մեր ոլորտում մեր պայքարն ունենք հանուն բանակաշինության, հանուն մեր երկրի, հանուն հզո՛ր հայրենիքի։

Հայոց բանակի օրն այսօր նշում ենք խնկարկումով, բայց վստահ եմ, վաղը տոնելու ենք հզո՛ր շքերթով։

Եվս մեկ անգամ, ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ․․․