ՇՊՀ-ի 7 ուսանող ուսումնառությունը կսկսի անվճար համակարգում

2022-23 ուստարում Շիրակի պետական համալսարանի առաջին կուրսի վճարովի համակարգ ընդունված 7 ուսանող, ըստ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի, ուսումնառությունը կսկսի անվճար համակարգում։
 Ըստ օրենքի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունն անվճար համակարգ ընդունված ուսանողների թվի 10 %-ի չափով իր միջոցների հաշվին փոխհատուցում է վճարովի համակարգ ընդունված ուսանողների վարձավճարը։
Այսօր ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանի, պրոռեկտոր-աշխատակազմի ղեկավար Գագիկ Նիկողոսյանի և ֆակուլտետների դեկանների հետ ընդունեց Շիրակի պետական համալսարանի վճարովի համակարգ ամենաբարձր միավորներով ընդունված առաջին կուրսեցիներին։
Ռեկտորը, շնորհավորելով ուսանողներին, հույս հայտնեց, որ համալսարանի կողմից տրված այս հնարավորությունը խթան կհանդիսանա ուսումը գերազանց առաջադիմությամբ շարունակելու և մասնագիտական հաջողություններ գրանցելու համար։
Առաջին կուրսեցիներն էլ ներկայացրեցին համալսարանական կյանքի առաջին օրերի մասին իրենց տպավորությունները, խոստացան լինել ակտիվ ուսանողական կյանքում՝ արդարացնելով իրենց հետ կապված սպասելիքները։