Իր կյանքը՝ ընկերների կյանքի դիմաց
Էլֆիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
Մռայլ գիշերվան հաջորդող լուսաբաց՝ որին հայ ազգը կորցրեց ևս մի զավակ, բայց պատմության մեր էջերի մեջ նրա անունը կմնա անմահ։
Արցախյան պատերազմում զոհվել է Շիրակի մարզի Հայկավան համայնքի բնակիչ 2000թ. սեպտեմբերի 12-ին ծնված ժամկետային զինծառայող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը։
Հերոսի և նրա երազանքների մասին էին պատմում ընկերները և դասղեկը՝ Թամարա Մկրտչյանը։ 20-ամյա Էլֆիկը սովորել է Հայկավանի ավագ դպրոցում։ Նա ընկերասեր, անվախ, պատասխանատու, հավասարակշիռ և գերազանց սովորող աշակերտներից մեկն էր։
Էլֆիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
«Գնալուց առաջ եկել էր հրաժեշտ տալու, ասում էր, որ շատ է ցանկանում ծառայել Արցախում, այնտեղ որտեղ իր ընկերներն են։ Այնքան երազանքներ ուներ։ Ընդունվել էր Շիրակի պետական համալսարանի իրավագիտության բաժնում՝ սովորեց ընդամենը մեկ կիասմյակ։ Սիրում էր կատակել դասընկերուհիների հետ, ասում էր՝ բոլորդ տանն եք մնալու։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես փաթաթվեց վերջին անգամ ու ասաց, որ երբ վերադառնա ամեն ինչ կպատմի ծառայության մասին բայց այդպես էլ չհասցրեց։ Տեսնելով, որ երկու ընկերները թշնամու նշանառության տակ են, դուրս է եկել դիրքից նրանց զգուշացնելու և ընկերների փոխարեն նա է դարձել ոսոխի թիրախ։ Իմ հերոս Էլֆիկը զոհվել է մարտական առաջադրանքը կատարելիս»,- խորը վշտով պատմում է դասղեկը։
Նա այնքան լեցուն էր դրական էներգիայով, որ նրան գյուղում սիրում էին բոլորը։
«Շատ ընկերասեր էր, նախընտրում էր իրեն նեղություն տալ, բայց ընկերների համար ամեն ինչ անել։ Մի օր որոշել էին դասընկերներով դասից փախչել և գնալ ֆուտբոլ խաղալու։ Երբ դասղեկը իմացավ, բոլորիս ծնողներն կանչեց դպրոց։ Սսում էր՝ ով է այդ հանճարեղ մտքի հեղինակը, կամ ասեք կամ բոլորդ կզրկվեք ավարտական միջոցառումից։ Հենց այդ պահին Էլֆիկը ամբողջ մեղքը վերցրեց իր վրա և բոլորիս փոխարեն պատժեցին նրան։ Մենք շատ կապված էինք, միմյանց մասին գիտեինք ամեն ինչ։ Միշտ ասում էր՝ պետք է ապրես այնպես, որ երբեք ընկերներիդ չկորցնես։ Ամենակարևորը՝ լավ մարդ էր, լավ ընտանիքից ու ճիշտ դաստիարակված, ում հետ շփվելն ինձ համար
գերագույն հաճույք է եղել։ Ես հպարտ եմ իրենով, որ հենց ինքն է իմ ընկերը», -պատմում է մտերիմ ընկեր Տարոն Մկոյանը։
Տարոն Մկոյանի ֆեյսբուքյան էջից
«Եղբայրս մեր տան ուրախությունն էր։ Նրան յուրահատուկ սեր ու ուշադրություն են նվիրել ընտանիքում բոլորը։ Շատ կապված էր մայրիկի հետ։ Սիրում էր խաղալ և նայել ֆուտբոլ։ Երկրպագում էր «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային թիմին, երբ թիմը պարտվում էր, ասում էր՝ էլ ֆուտբոլ չեմ նայելու։ Բոլորիս հանդեպ ուշադիր էր, եթե հանկարծ նկատեր՝ մեկս հանկարծ նեղված ենք, կատակներ էր անում, փորձում ուրախացնել», -թախծոտ ժպիտով հիշում է քույրը։
Հոիփսիմե Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից
2018թ. Էլֆիկ Ավետիսյանը ընդունվել էր Շիրակի պետական համալսարան։
Սովորում էր իրավագիտություն բաժնում։Համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը նրան բնութագրեց որպես խելացի, կենսուրախ, համեստ և աշխատասեր անձնավորություն։
«Վերջին անգամ, երբ տեսա Էլֆիկին դեկանատում, եկել էր հրաժեշտ տալու։ Ուզում էր շուտ վերադառնալ և ուսումը շարունակել։ Այնքան կենսուրախ էր, լի կյանքվ։Նրան ճանապարելուց և բարի ծառայություն մաղթելուց չէի էլ կարող պատկերացնել, որ դա մեր վերջին հանդիպումը կլինի։ Այնքան մեծ է այն ցավը, որ հիմա զգում եմ», պատմում էր դեկանը։
Պատերազմ երիտասարդ հերոսների կյանքի գնով՝ անավարտ կյանքի։ Նրանք հաղթել են, որ մենք էլ հաղթենք։
Հաղթելու ենք։
Մարիամ Մանուկյան
Լրագրություն 4-րդ կուրս