Կայացավ ERASMUS + «BOOST» ծրագրի ամփոփիչ համաժողովը

Ի հեճուկս արցախա-ադրբեջանական սահմանին թշնամու սանձազերծած պատերազմական գործողությունների և գիտակցելով բանակի թիկունքն ամուր պահելու առաքելությունը՝ կրթական համակարգում բնականոն գործունեությունը  շարունակվում է։

Հոկտեմբերի 12-ին կայացավ ERASMUS+ «BOOST» ծրագրի առցանց ամփոփիչ համաժողովը։ Ծրագրի մասնակիցների մի մասը ամփոփոիչ համաժողովին մասնակցեց Շիրակի պետական համալսարանում՝ հաշվի առնելով և օգտագործելով բուհի նյութատեխնիկական հնարավորությունները։

ERASMUS+ BOOST-ը /Հայաստանյան համալսարանների միջազգայնացման ռազմավարության և մարքետինգի խթանում/ ազգային ծրագիր է, որի նպատակն էր նպաստել և խրախուսել ՀՀ բարձրագույն կրթության հետագա միջազգայնացումը՝ մշակելով ազգային և ինստիտուցիոնալ քաղաքականության համապատասխան շրջանակ և գործիքակազմ:

Քառամյա ծրագրին մասնակցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանը (համակարգող), Հայաստանի ամերիկյան համալսարանը, Շիրակի պետական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ԵՄ անդամ երկրների 5 համալսարաններ, ՀՀ  ԿԳՄՍ նախարարությունը և Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնը։

Առցանց համաժողովին ծրագրի համակարգողներն ու մասնակիցները ամփոփեցին ERASMUS+ «BOOST»-ը՝ որպես հայաստանյան համալսարանների միջազգայնացման հայեցակարգային փոփոխություն, թե ինչպես BOOST-ն ազդեց Հայաստանում համալսարանների միջազգայնացման քաղաքականության վրա: Ներկայացվեց «BOOST» ծրագրի ուղին, արդյունքները, յուրաքանչյուր համալսարանում արձանագրված փոփոխությունները։ Նշվեց, որ ծրագրի շրջանակներում բարելավվել են համալսարանների միջազգայնացման ռազմավարական ծրագրերը, ուսումնասիրվել և ներդրվել է ՀՀ և ԵՄ մասնակից բուհերի միջագայնացման լավագույն փորձը։

Ծրագրի արդյունքներից առանձնացվեց ՀՀ բարձրագույն կրթության միջազգայնացման համար ազգային հարթակի մշակումն ու բենչմարքինգի ցուցիչների ինտեգրումը, հայաստանյան մասնակից բուհերի միջազգային համագործակցության բաժինների ստեղծումն ու արդիականացումը։

ԵՄ գործընկեր համալսարանների ներակայացուցիչներն էլ  խոսեցին իրենց տեսանկյունից ծրագրի հաջողված պատմության ու գրանցած արդյունքների մասին։

Որպես վերջնարդյունք ներկայացվեց նաև ծրագրի շրջանակներում ստեղծված studyinarmenia.am կայքը, որում ամփոփ ներկայացված է տեղեկատվություն արտասահմանյան ուսանողների համար, թե ինչու՞ սովորել Հայաստանում, ի՞նչ հնարավորություններ ունեն հայաստանյան համալսարանները։

Մասնակիցները հույս հայտնեցին, որ ծրագրի արդյունքում մշակված ռազմավարությունն ու ստեղծված գործիքակազմը առաջիկայում կկատարելագործվեն ու կխթանեն համալսարանների միջազգայնացման գործընթացի հաջող իրականացմանը։