ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 30 տարի իրականություն է անկախ պետություն ունենալու դարավոր մեր երազանքը:

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ անկախ պետության ձևավորումը ազգային երկարատև պայքարի արդյունք է եղել: Պատմական հանգամանքների բերումով որոշ երկրներ էլ առայսօր չունեն անկախության հռչակման օր:

1991թ. Անկախության ընդունումը հայերիս համար նոր հնարավորություն էր՝ իրականություն դարձնելու մեր պապերի երազանքն ու նոր մարտահրավեր՝ լծվելու պետականաշինության բարդ ու պատասխանատու գործին:

Ակախությունը բացարձակ արժեք է, որի պահպանման համար իրենց կյանքը չխնայեցին մեր հազարավոր հայորդիներ: Ոգեկոչելով նրանց հիշատակը՝ յուրաքանչյուրս պարտավոր ենք հավատարիմ մնալ մեր ազգային արժեքներին ու ավանդույթներին:

Պատմական այս շրջանում ավելի, քան երբևէ, մենք պարտավոր ենք միասնական լինել՝ հանուն մեր ազգային շահի ու պետականության:

Պատմական այս շրջանում ավելի, քան երբևէ, մենք պարտավոր ենք ավելի հզոր լինել՝ մղվելով վերանձնական գաղափարների իրագործմանը:

Պատմական այս շրջանում ավելի, քան երբևէ, մենք պարտավոր ենք մեր զավակներին ու թոռներին ավանդել ավելի կայուն, գիտելիքահեն ու հզոր պետություն:

Թո՛ղ որ վաղվա Հայաստանի հողը լինի ավելի ամուր, առաջընթացն՝ անկասելի և վաղվա հայի գրիչը լինի ավելի զորեղ, քան գերտերությունների զենքերը: