Կյանքից հեռացել է Շիրակի մայր բուհի երկարամյա դասախոս Ալեքսանդր Բաղրամյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա դասախոս, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Խաչիկի Բաղրամյանը:

Ա. Բաղրամյանը ծնվել է 1936 թվականին, Լենինականում:

1958-ին ընդունվել և 1963-ին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը:

1965-66թ.թ. եղել է ԽՍՀՄ երկրի ֆիզիկայի ինստիտուտի ստաժոր-հետազոտող:

1967-73թ.թ. զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի Հայաստանի սեյսմիկ ցանցի վարիչի պաշտոնը:

1972 թվականին Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի գիտական խորհրդի որոշմամբ Ա. Բաղրամյանին շնորվել է ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1974-ին ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ Ա. Բաղրամյանն արժանացել է «Երկրաֆիզիկա» մասնագիտությամբ ավագ գիտաշխատողի գիտական կոչման:

1991-ին նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում:

1973-1981թ.թ. եղել է ՀՀ ԳԱԱ երկրաֆիզիկայի  և ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտի դիրեկտորի գիտական գծով տեղակալը:

1990 թվականից մինչև իր մահկանացուն կնքելը Ա. Բաղրամյանն աշխատում էր  Շիրակի պետական համալսարանում (նախկին՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ)՝ զբաղեցնելով ամբիոնի պրոֆեսորի, ամբիոնի վարիչի պաշտոններ: Օժտված լինելով ինչպես մասնագիտական հարուստ գիտելիքներով, այնպես էլ հմուտ կազմակերպչական կարողություններով ու հմտությամբ՝ Ա. Բաղրամյանը որպես ամբիոնի վարիչ աշխատելու տարիներին բուհում հիմնել է մի շարք լաբորատորիաներ, կաբինետներ և ուսումնական արհեստանոցներ: Այս տարիներին նա ղեկավարել է ասպիրանտների ու հայցորդների թեկնածուական ատենախոսություններ: Հարուստ ու բեղուն է եղել Ա. Բաղրամյանի գիտական գործունեությունը; Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների և 4 մենագրությունների, գիտական հոդվածներով և զեկուցումներով հանդես եկել Հայաստանում, ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում անցկացված միջազգային գիտաժողովներում:

Ավելի քան 30 տարվա գիտամանկավարժական գործունեության ընթացքում Ա. Բաղրամյանի կողմից կարդացած դասախոսությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է երկրաֆիզիկայի, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության, ինժեներատեխնիկական առարկաների ոլորտները:

Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ վաստակաշատ գիտնական ու մանկավարժ, հարգված դասախոս ու գործընկեր Ա. Բաղրամյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Ա. Բաղրամյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը:

Ա. Բաղրամյանի հոգեհանգիստը կլինի մարտի 7-ին, ժ. 18:00-ին, փ. Շիրակացու 100/1 հասցեի սգո սրահում (քաղաքապետարանի նախկին շենքի հարևանությամբ):

Հուղարկավորությունը՝ մարտի 8-ին, ժ. 14:00-ին՝ նույն տեղից:

 

 

ՇՊՀ ռեկտորատ