Հանդիպում “Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի հետ

Հարգելի համլսարանականներ

Շիրակի պետական համալսարանը հրավիրում է Ձեզ մասնակցելու “Ոսկրածուծի  դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամի հետ հանդիպմանը: Հանդիպումը տեղի կունենա  սույն թվականի դեկտեմբերի 20-ին ժամը 12.00-ին  համլսարանի կոնֆերանս-դահլիճում:

“Ոսկրածուծի  դոնորների հայկական ռեեստր” բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար:

Տարիներ առաջ` 2000թ. Դեկտեմբերի 28-ին Երևանում բացվեց ռեեստրի լաբորատորիան, որն իր տեսակի մեջ միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում։ Այստեղ իրականացվող հետազոտությունների մակարդակը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին, որի շնորհիվ էլ ՈԴՀՌ լաբորատորիան լիցենզավորվել է ոչ միայն ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից, այլ նաև 2006 թ-ին հավատարմագրվել է Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի (EFI) կողմից։

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրը անդամագրված է Ոսկրածուծի Դոնորների Միջազգային կազմակերպությանը (BMDW), նաև հանդիսանում է Ոսկրածուծի Դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) լիիրավ անդամ:

Աշխարհում ամեն տարի հազարավոր հիվանդների մոտ ախտորոշվում է լեյկեմիա և արյան այլ չարորակ հիվանդություններ: Հազարավոր հիվանդներ համատեղելի դոնորի կարիք ունեն: Նրանցից միայն  30 տոկոսի համար է հաջողվում գտնել ազգակից դոնոր, իսկ մնացած հիվանդների հույսը  ցողունային բջիջների ոչ ազգակից,  կամավոր դոնորներն են: Ցավոք, բազմաթիվ հիվանդներ ամեն տարի մահանում են այդպես էլ չկարողանալով գտնել համատեղելի դոնոր: Հիվանդի և դոնորի միջև համատեղելիությունը էապես կախված է ժառանգական և էթնիկական բնորոշիչներից, ուստի ավելի արդյունավետ է հիվանդի համար համատեղելի դոնոր փնտրել էթնիկական նույն ծագումնաբանությունն ունեցող շրջանակներում: Հայերն ունեն յուրահատուկ ժառանգական կառուցվածք և այդ պատճառով, դժբախտաբար, հայ հիվանդների համար պրակտիկորեն հնարավոր չէ ներկայումս աշխարհում գործող ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ:

Ժառանգական անհամապատասխանությունների պատճառով այն հայ հիվանդները, որոնց բուժման համար ցուցված է միայն ոսկրածուծի փոխպատվաստումը, մահանում  են համապատասխան դոնոր չգտնելու պատճառով:  Հետևաբար խիստ անհրաժեշտ էր և կարևոր ամբողջ աշխարհով սփռված հայերի համար ստեղծել հայ դոնորների ռեեստր, որը կփրկի լեյկեմիայով և արյան  այլ հիվանդություններով տառապող հայ հիվանդների կյանքը:

Գործունեության 19 տարիների ընթացքում ՈԴՀՌ –ի այս անձնանվեր գործին են անդամագրվել ավելի քան 29.000 դոնորներ, որոնցից մոտ 22․000՝ Հայաստանից և Արցախից, իսկ  7․000 –ը` Սփյուռքից (Միացյալ Նահանգներ, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Կանադա, Ֆրանսիա, Շվեցարիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան և այլն):

Մինչ  օրս աշխարհի տարբեր երկրներից  ռեեստրին դիմած  4885  հիվանդի հետ նախնական համընկնող 4469 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 31-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիմնադրամի հիմնական ծրագրերից մեկն է ավելացնել կամավոր դոնորների քանակը՝ հասցնելով այն 30.000: Ձեր մասնակցությունը նման մարդասիրական ծրագրին, համագործակցության  գեղեցիկ օրինակ  կլիլնի ողջ հայ երիտասարդության համար։

Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք: Դոնոր դարնալու համար հարկավոր է լինել 18-ից 50 տարեկան, լրացնել հարցաթերթիկ, կամավորության սկզբունքով  հանձնել 3մլ արյուն և, ամենակարևորը, ունենալ արյան քաղցկեղով հիվանդին օգնելու և նրա կյանքը փրկելու ցանկություն: