Կյանքից հեռացել է Շիրակի մայր բուհի երկարամյա դասախոս Արտաշես Մանուկյանը

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի ռեկտորատը ցավով հայտնում է, որ կյանքի 70-րդ տարում իր մահկանացուն է կնքել համալսարանի երկարամյա դասախոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Գուրգենի Մանուկյանը:

Ա. Մանուկյանը ծնվել է 1950 թվականին, Ախուրյանի շրջանի Գետք գյուղում:

1967-73թ.թ. սովորել է ԵրՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի բաժնում:

1985-ին Կիևի Ս.Ի. Սուբբոտինի անվան երկրաֆիզիկայի ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ավելի քան 40 տարվա գիտական և մանկավարժական գործունեության ընթացքում Ա. Մանուկյանի կողմից կարդացած դասախոսությունների և գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է ծրագրավորման լեզուների ու մեթոդների, մաթեմատիկայի, ինֆորմատիկայի ու երկրաֆիզիկայի ոլորտները:

Անբասիր ու նվիրված աշխատանքի շնորհիվ Ա. Մանուկյանը վայելում էր ՇՊՀ ուսանողների, գործընկերների սերն ու հարգանքը, արժանացել է ՀՀ ԿԳ նախարարի Շնորհակալագրին:

Ծանր կորստի այս պահին ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն իրենց խորին ցավակցությունն ու մխիթարանքի խոսքերն են հղում Ա. Մանուկյանի ընտանիքին, հարազատներին և կիսում նրանց վիշտը:

ՇՊՀ ռեկտորատ