ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Շիրակի պետական համալսարանի, ՇՊՀ ավագ դպրոցի և ՇՊՀ քոլեջի հարգելի՛ աշխատակիցներ, ուսանողներ և սովորողներ,
Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար սույն թվականի հունվարի 21-ին հայտարարված բաց մրցույթին մասնակցելու նպատակով կցանկանայի հանդիպել Ձեզ բոլորիդ ծանոթանալու առկա խնդիրներին, լսելու Ձեր մտահոգությունները և առաջարկությունները, որոնք անպայման հաշվի կառնեմ թե՛ հայեցակարգը պատրաստելիս և թե՛ հետագայում՝ մրցույթին հաղթելու դեպքում մեր համատեղ աշխատանքներում:
Ուզում եմ իրազեկել Ձեզ, որ ես ինքս սովորել և գերազանցությամբ ավարտել եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը 1994 թվականին, և ստացածս որակյալ կրթության շնորհիվ կարողացել եմ ուսումս շարունակել Բրուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի հեռակա ասպիրանտուրայում, 2000-ին ստացել եմ բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, այնուհետև 2006-ին՝ լեզվաբանության դոցենտի, 2011-ին՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 2013-ին՝ լեզվաբանության պրոֆեսորի կոչում: 1994-2002 թվականներին աշխատել եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, իսկ 2002 թվականից աշխատել եմ Բրուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում որպես դոցենտ, օտար լեզուների ֆակուլտետի դեկան, գիտության և միջազգային կապերի գծով պրոռեկտոր, 2011-2012 թվականներին նաև աշխատել եմ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում՝ որպես Բարձրագույն և հետբուհական կրթության քաղաքականության մշակման բաժնի պետ: Այժմ աշխատում եմ Եվրասիա միջազգային համալսարանում որպես օտար լեզուների և գրականության ամբիոնի պրոֆեսոր: Վարչական գործունեությանս զուգահեռ զբաղվել եմ մանկավարժական և գիտահետազոտական գործունեությամբ և 2008 թվականից մինչ այսօր իմ ղեկավարած 7 ասպիրանտները և հայցորդները հաջողությամբ պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունները և այժմ իրենց նպաստն են բերում մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի՝ այդ թվում նաև բարձրագույն կրթության զարգացմանը:
2012 թվականից հանդիսանում եմ Էրազմուս Պլյուս Բարձրագույն կրթության բարեփոխումների Հայաստանի Հանրապետության փորձագիտական խմբի անդամ, ինչպես նաև ընդգրկված եմ այլ միջազգային կառույցների աշխատանքներում:
85 տարիների հարուստ ավանդույթներ ունեցող Շիրակի պետական համալսարանն արժանի է դառնալու նոր՝ միջազգային մակարդակի համապատասխանող բարձրագույն ուսումնական հաստատություն, որտեղ ես՝ Ձեզ հետ միասին, կկարողանամ կյանքի կոչել բազմաթիվ նոր ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց շնորհիվ բուհն էապես կբարելավի իր կրթության որակը և կդառնա մրցունակ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև մեր երկրի սահմաններից դուրս:
Ինձ համար բարձրագույն կրթությունը գերագույն արժեք է, այլ ոչ թե կրթական ապրանք, և ես ամեն ինչ անելու եմ, որ ոչ մի սովորող բարձր առաջադիմություն ունենալու դեպքում ֆինանսական խնդիրների պատճառով չդադարեցնի ուսումնառությունը համալսարանում: Ես վստահ եմ, որ բազմաթիվ դրամաշնորհների միջոցով, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ մենք միասին կստեղծենք հավելյալ արժեք, որն ուղղակիորեն կազդի անձնակազմի կյանքի որակի վրա: Շիրակի պետական համալսարանի դասախոսները, վարչական և ուսումնաօժանդակ կազմն արժանի են ապրել ավելի լավ սոցիալական պայմաններում՝ ուշադրությունը կենտրոնացնելով ոչ թե գոյատևման, այլ ինքնազարգացման և մասնագիտական կարողությունների առաջընթացի վրա:
Ոչ մի ծրագիր կենսունակ չէ, եթե կազմակերպության ղեկավարն այն իրագործում է միայնակ՝ առանց որակյալ անձնակազմի աջակցության և մասնակցության:
Ես վստահ եմ, որ Ձեր օգտակար և առաջադեմ գաղափարների շնորհիվ կկարողանամ դարձնել իմ հայեցակարգն ավելի իրատեսական և իրագործելի, իսկ հետագայում կատարված աշխատանքի արդյունքները պիտանի կլինեն մեզանից յուրաքանչյուրի համար: Ինձ համար պաշտոն ունենալն ինքնանպատակ չէ, սակայն հարազատ քաղաքիս և հարազատ բուհիս օգնելը՝ գերակա խնդիր, պատիվ և առաջնահերթություն է:
Համոզված եմ, որ Դուք կունենաք բազմաթիվ հարցեր, որոնց հստակեցումն իմ կողմից Ձեզ կկողմնորոշի հետագայում ճիշտ ընտրություն կատարելու հարցում: Շատ կուզենամ, որ միասին քննարկենք մեզ հուզող բոլոր խնդիրները, և հրավիրում եմ Ձեզ սույն թվականի փետրվարի 12-ին ժամը 13.45-ին ՇՊՀ գլխավոր մասնաշենքի նիստերի դահլիճ՝ ծանոթանալու իմ ծրագրային դրույթներին և քննարկելու Շիրակի պետական համալսարանի զարգացմանը միտված հնարավոր ձևաչափերը:
Պատրաստ եմ հոգալ ՇՊՀ ավագ դպրոցի և ՇՊՀ քոլեջի բոլոր աշխատակացիների, աշակերտների և սովորողների փոխադրման ծախսերը:
Դուք կարող եք Ձեր հարցերն ուղարկել ինձ մինչև հանդիպումը՝ նամակ ուղարկելով`fljyan@mail.ru հասցեով, ինչպես նաև կարող եք զանգել 093758555 իմ հեռախոսահամարին:
Շատ շնորհակալ եմ նախապես հանդիպմանը մասնակցելու և համագործակցության համար:
Լավագույն մաղթանքներով՝
Լուսինե Ֆլջյան