ՇՊՀ-ում գրքի ներկայացում էր

Այսօր ՇՊՀի դահլիճում գրքի քննարկում էրթեման հուզիչ էր և արդիական։ «Կորուստ վերապրած անձանց հոգեբանական աջակցություն «ռեքավերի» մոդելով» գիրքը ներկայացրին հեղինակները՝ ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ռեքավերի քոլեջի ղեկավար, Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող Լիլիթ Բաղդասարյանը և Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, ԵՊԲՀ դոցենտ Արմեն Սողոյանը։

2020թ․ Արցախյան պատերազմից հետո է ծնվել այս միտքը, որդեկորույս մայրերին և կանանց միավորել «ռեքավերի» գաղափարի շուրջ, ինչը նշանակում է վերապրած խնդրից կամ կյանքի դժվարությունից հետո, ինքնուրույն կամ այլոց աջակցությամբ ապաքինում, սեփական ներուժի գիտակցում և կիրառում, նոր նպատակների իրագործման համար ուժերի վերաբաշխում։

Մեթոդական ձեռնարկում ներկայացված են վիշտ, կորուստ վերապրող անձանց հոգեբանական աջակցության և օգնության ցուցաբերման գործընթացում «ռեքավերիի» գաղափարը, վշտի հաղթահարման և սթրեսի կառավարման տեխնիկաները։

Հանդիպմանն իրենց մասնակցությունն էին բերել նաև զոհված զինծառայողների մայրեր՝ «Հավերժ» ՀԿ ղեկավար Կարինե Մուրադյանը, Լիլիթ Եգլարյանը և Մարգարիտա Ջիլավյանը։

Հանդիպմանը մասնակցում  էին նաև ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, հոգեբաններ, ուսանողներ։ Ավարտին տեղի ունեցավ քննարկում, հարց ու պատասխան գրքի հեղինակների հետ։