«Լենինգրադի շրջափակումը՝ արդի իրողությունների տեսանկյունից»․ կլոր սեղան-քննարկում ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում կայացավ կլոր սեղան-քննարկում «Լենինգրադի շրջափակումը՝ արդի իրողությունների տեսանկյունից» թեմայով։
Գյումրիում Ռուսական տան նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը մասնակցում էին Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների դասախոսներ, ուսանողներ, Գյումրու 102-րդ ռազմաբազայի և Վանաձորի վետերանների խորհրդի ներկայացուցիչներ։
Հանդիպման մասնակիցներին ողջունեցին և նախաձեռնության կարևորությունը ընդգծեցին ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Գյումրիում Ռուսական տան տնօրեն Անտոն Բերյանևը, ՇՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը։
Մինչ քննարկումը՝ տեղեկություններ հաղորդվեցին Հայրենական մեծ պատերազմը վերապրած հայերի մասին, որոնց դիմանկարները ևս ցուցադրված էին հանդիպմանը։
Համաշխարհային 2-րդ պատերազմի ընթացքում մոտ 900 օր տևած շրջափակումն իրենց ելույթներում վերլուծելով՝ բանախոսները երևույթը քննեցին արդի իրողությունների տեսանկյունից։
Անդրադարձ կատարվեց շրջափակման ողբերգական հետևանքներին, այդ ընթացքում ծագած հիմնահարցերին ու դրանց լուծմանը միտված աշխատանքներին, զուգահեռներ տարվեցին մերօրյա իրադարձությունների հետ։
Զեկույցներին հաջորդեց հարցուպատասխան և բուռն քննարկում։