ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիպում անցկացրեց ուսանողների հետ
Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նախատեսված հերթական հանդիպումն անցկացրեց համալսարանի ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցում էին նաև բուհի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և Ուսանողական խորհրդի նախագահը:
Հանդիպման նպատակն էր՝ լսել ՇՊՀ-ում իրականացվող ուսումնագիտական ու մարզամշակութային գործընթացների վերաբերյալ ուսանողների կարծիքներն ու առաջարկությունները։
Ե․ Սերոբյանն իր ողջույնի խոսքում մասնակիցներին համառոտ ներկայացրեց 90-ամյա բուհի հարուստ պատմությունը, առաքելությունն ու տեսլականը։ Նա հպարտությամբ նշեց, որ Շիրակի պետական համալսարանը նշանակալի դերակատարում ունի մարզի հանրակրթության ոլորտում, քանի որ Շիրակի մարզի դպրոցների ուսուցիչների գրեթե 90 տոկոսը ՇՊՀ-ի շրջանավարտներն են։ Ռեկտորն ուսանողներին առաջարկեց, որ հանդիպումն ընթանա ոչ պաշտոնական, անմիջական հաղորդակցման մթնոլորտում և նրանք ներկայացնեն իրենց հուզող հարցերը։
Ուսանողները նախ շնորհակալություն հայտնեցին ռեկտորին հանդիպման համար, այնուհետև ներկայացրին իրենց հարցերն ու դիտարկումները, որոնք հիմնականում վերաբերում էին ուսումնական գործընթացի կազմակերպմանը, պրակտիկայի անցկացման ժամկետներին, զեղչային համակարգին, մասնագիտական գրականության համալրմանն ուղղված աշխատանքներին և այլն։
Ծավալվեց անմիջական ու ջերմ երկխոսություն․ Ե․ Սերոբյանը և համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները մանրամասն պատասխանեցին ուսանողների հարցերին, լսեցին բարձրացված հարցերի վերաբերյալ հնարավոր լուծումներ գտնելու նրանց առաջարկությունները։