ՀՀ ԿԳՄՍՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 90-ԱՄՅԱԿԻՆ
2024թ. հոկտեմբերի 24-25-ը ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ Շիրակի պետական համալսարանում կայացավ բուհի հիմնադրման 90-ամյակին նվիրված «Կրթության և գիտության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցության հայտ էին ներկայացրել շուրջ 150 մասնագետներ ինչպես ՇՊՀ-ից /70 մասնակից/, այնպես էլ ՀՀ և արտասահմանյան մի շարք բուհերից /80 մասնակից/, մասնավորապես, Ռուսաստանի պետական մանկավարժական համալսարանից, Կիևի Ագրարային գիտությունների ազգային ակադեմիայի Պարենային ռեսուրսների ինստիտուտից, Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից, Երևանի պետական համալսարանից և վերջինիս Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանից, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից և վերջինիս Գյումրու մասնաճյուղից, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից, Վանաձորի, Գավառի, Գորիսի պետական համալսարաններից, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայից, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնից, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնից, ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնից, ՀՀ ԳԱԱ Լեզվի ինսիտուտից, Հայաստանի եվրոպական համալսարանից, Երևանի Մովսես Խորենացու անվան համալսարանից:
Մասնակիցների գրանցմանը զուգահեռ նրանց ներկայացվեց գիտաժողովի «խորհրդանիշ» հանդիսացող 90-ամյա համալսարանի և նրա գործունեության մասին ընդգրկուն տեղեկատվությամբ էլեկտրոնային խճանկարը:
Գիտաժողովի աշխատանքներն առկա և հեռավար ձևաչափերով կազմակերպվեցին լիագումար նիստում և 8 բաժանմունքներում.
- Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն) և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Գիտություններ Երկրի մասին և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Տնտեսագիտություն,
- Պատմական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Բանասիրական գիտություններ և նրանց դասավանդման մեթոդիկաներ,
- Մանկավարժական գիտություններ (այդ թվում դասավանդման մեթոդիկաներ) և արվեստագիտություն,
- Հոգեբանական գիտություններ:
Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկան ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը, գիտաժողովի կազմկոմիտեի նախագահի տեղակալ Լ. Մարգարյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կ. Պետրոսյանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Ա. Կոստանդյանը, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Ա. Ծատուրյանը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վ. Քոչարյանի անունից ողջույնի խոսքն ընթերցեց նույն ինստիտուտի պրոֆեսոր Հ. Դրմեյանը, իսկ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ս. Գևորգյանի անունից՝ նույն համալսարանի դոցենտ Ն. Խաչատրյանը: Ռեկտոր Ե. Սերոբյանը հուշանվերներ հանձնեց գիտաժողովի պատվավոր հյուրերին:
Լիագումար նիստին 90-ամյա համալասրանի մասին ընդգրկուն և համապարփակ զեկուցումներով հանդես եկան Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ, բ.գ.թ., դոցենտ Ն. Ավետիսյանը, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրեն, բ.գ.թ., դոցենտ Հ. Մելքոնյանը, պ.գ.թ., դոցենտ Ա. Բոյաջյանը:
Լիագումար նիստին հաջորդած ընդմիջումից հետո, որը կազմակերպվեց համալսարանի «Բանականության բանալի» ակումբում, գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին բաժանմունքներում, որտեղ մասնակիցները գիտաժողովի ծրագրին համապատասխան առկա և հեռավար ձևաչափերով ներկայացրեցին իրենց զեկուցումները:
Բաժանմունքներում ծավալված աշխատանքներից հետո ՇՊՀ դահլիճում տեղի ունեցավ գիտաժողովի հանդիսավոր փակումը, որի ընթացքում արդյունքներն ամփոփվեցին բաժանմունքների համանախագահների կողմից, ովքեր հաստատեցին, որ գիտաժողովն անցել է բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ: ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը պատվոգրեր ու հուշանվերներ հանձնեց բաժանմունքներում, համանախագահների որոշմամբ, լավագույն զեկուցում ներկայացրած մասնակիցներին:
Գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկուցումներին համապատասխան հոդվածների հեղինակներին տրամադրվեցին մասնակցության վկայականներ, իսկ հոդվածները, որոնք գրախոսման արդյունքում կերաշխավորվեն տպագրության, լույս կտեսնեն ՀՀ ԲԿԳԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակությունների ցուցակում ընդգրկված ՇՊՀ Գիտական տեղեկագրի 2024թ.-ի N2-ում:
Գիտաժողովի հանդիսավոր փակումից հետո հյուրերի համար կազմակերպվեց էքսկուրսիա, որի ընթացքում հյուրերը ծանոթացան Գյումրու պատմամշակութային նշանակություն ունեցող արժեքներին:
Գիտաժողովի ավարտին պատվավոր հյուրերի համար կազմակերպվեց պաշտոնական ընթրիք:
Գիտաժողովի կազմակերպչական հարցերում ակտիվ մասնակցություն ունեցան ՇՊՀ կամավոր-ուսանողները, ՈՒԳԸ անդամները:












































































