ՇՊՀ-ում տեղի ունեցավ «Մարզիկների ընտրության և կողմնորոշման սկզբունքները ծանրամարտում Գյումրի քաղաքի օրինակով» ուսումնամեթոդական աշխատանքի շնորհանդես-գինեձոնը

Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Ա․ Մաթևոսյանի, Ա․ Գովելյանի, Ա․ Ներսիսյանի և Վ․ Բիչախչյանի համահեղինակած «Մարզիկների ընտրության և կողմնորոշման սկզբունքները ծանրամարտում Գյումրի քաղաքի օրինակով» ուսումնամեթոդական աշխատանքի շնորհանդես-գինեձոնը։

Միջոցառման ընթացքում համահեղինակներից Վ. Բիչախչյանը, Ա. Մաթևոսյանն ու Ա. Ներսիսյանը ներկայացրեցին գրքի գրման նախապատմությունն ու անհրաժեշտությունը, ընթացքում կատարված աշխատանքների առանձնահատկությունները; Մասնավորապես՝ նրանք նշեցին, որ, ուսումնամեթոդական աշխատանքում ներկայացված են ծանրամարտի ծագումնաբանությունը, մուտքը և զարգացումը Հայաստանում՝ մասնավորապես Գյումրիում, և գյումրեցի ծանրորդների հաջողությունները միջազգային հարթակներում։ Մեթոդական աշխատանքն ուղեցույց է ֆիզկուլտուրայի և սպորտի պատմությունն ուսումնասիրողների, ուսանողների, ծանրամարտի երիտասարդ մարզիչների և ծանրորդների համար։

Գրքի շնորհանդեսին շնորհավորական խոսքերով հանդես եկան ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ՇՄ կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Վաչագան Վարդանյանը, Գյումրու համայնքապետարանաի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մեխակ Ղազարյանը, Գյումրիի «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանը։ Շնորհանդեսին մասնակից էին օլիմպիական խաղերի չեմպիոն Ի․ Միլիտոսյանը, 2024թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ալեքսանդրա Գրիգորյանը, ծանրամատի աշխարհի մրցանակակիրներ և Եվրոպայի չեմպիոններ, ոլորտային այլ ներկայացուցիչներ։

ՀՀ վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը շնորհավորելով գրքի հեղինակներին՝ ընթերցեց լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանին նվիրված բանաստեղծություն։ Երաժշտական ողջույններով հանդես եկան միջազգային մրցույթների դափնեկիր Բուրաստան Գրիգորյանը և մշակույթի վաստակավոր գործիչ Տիգրան Հովհաննիսյանը։