ՇՊՀ-ում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը

Նոյեմբերի 24-ին` Էրազմուս+ SMARTI ծրագրի ազգային իրազեկման օրերի (NAD) շրջանակներում, Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ Օտար լեզուների ուսուցման (EMI) կենտրոնի բացումը։

Էրազմուս+ SMARTI-ն նորարարական ծրագիր է, որի խնդիրն է մշակել և կիրառել «Անգլերենը որպես դասավանդման միջոց» տասը համապարփակ մեթոդական մոդուլներ գործընկեր երկրների բուհերի ՊԴ կազմերի և ուսանողների համար՝ կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի (ECTS) գործածությամբ ուսուցման բովանդակությունն անգլերենով դասավանդելու նպատակով։

Կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Դրեզդենի համալսարանի պրոֆեսոր, SMARTI ծրագրի համակարգող Ջերարդ Քալընը, նույն համալսարանի Լեզուների ուսուցման կենտրոնի տնօրեն Կատյա Ուլմանը, SMARTI ծրագրի հայաստանյան համակարգող, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի պրոռեկտոր Թերեզա Խեչոյանը, ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը, ՇՊՀ և Գյումրու մյուս բուհերի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Միջոցառման սկզբում հյուրերին ողջունեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Նա արդյունավետ համագործակցության համար առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց SMARTI ծրագրի համակարգող Ջերարդ Քալընին և նշեց, որ միջազգային համագործակցությունը ՇՊՀ-ի ռազմավարական առաջնահերթություններից է։ Միջազգային համագործակցության շնորհիվ ՇՊՀ-ում հիմնվել են կառուցվածքային նոր ստորաբաժանումներ, Կենսատեխնոլոգիական լաբորատորիան և այլն։ Որպես Էրազմուս+ SMARTI ծրագրի վերջնարդյունք՝ համալսարանում նախատեսվում է հիմնել ևս մեկ կառուցվածքային ստորաբաժանում՝ Օտար լեզուների ուսուցման կենտրոնը, որը կրթական ծառայություններ կմատուցի ոչ միայն ՇՊՀ-ի ուսանողներին և աշխատակիցներին, այլև Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի շահագրգիռ բնակչությանը։

SMARTI ծրագրի համակարգող Ջերարդ Քալընը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության համար։ Նա նշեց, որ SMARTI ծրագիրը մեծ նշանակություն ունի ոչ միայն հայաստանյան բուհերի, այլև միջազգային համագործակցության համար։ Որպես ծրագրի վերջնարդյունք՝ Հայաստանի և Դրեզդենի համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողները շարժունության ծրագրի շրջանակներում կիրականացնեն փոխադարձ այցելություններ, փորձի և տեղեկատվության փոխանակում։

SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց ծրագրին մասնակից բոլոր համալսարաններին այս նոր գաղափարը ներդնելու և գործարկելու պատրաստակամության համար։ Նա ներկայացրեց նշված ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում կատարված աշխատանքները:

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև SMARTI ծրագրի հայաստանյան համակարգող Թերեզա Խեչոյանն ու SMARTI ծրագրի մասնակից Կատյա Ուլմանը։

EMI կենտրոնի բացման կարմիր ժապավենը կտրեցին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու SMARTI ծրագրի համակարգող Ջերարդ Քալընը։

Ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած նորաբաց EMI կենտրոնում «EMI որակի ապահովում» և «EMI հետազոտական աշխատանք գրելու հմտություններ» թեմաներով պիլոտային դասընթացներ անցկացրին SMARTI ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանն ու Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս Հասմիկ Մատիկյանը։ Դասընթացներին մասնակցեցին ինչպես ՇՊՀ-ի դասախոսներ և ուսանողներ, այնպես էլ Գյումրիում գործող մյուս բուհերի աշխատակիցներ։

Հավելենք, որ EMI կենտրոնը կահավորվել է Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» SMARTI ծրագրի շրջանակներում։