ՇՊՀ-ում անցկացվեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» և «Քաղաքացիական պաշտպանության» թեմաներով դասընթաց
Շիրակի պետական համալսարանում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ փոխգնդապետ Լևոն Հովսեփյանն անցկացրեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» և «Քաղաքացիական պաշտպանության» թեմաներով դասընթաց։
ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը դասընթացի մեկնարկից առաջ ողջունեց մասնակիցներին և փաստեց, որ ուսանողների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նմանատիպ թեմաներով սեմինարների անցկացումը շատ կարևոր է և ողջունելի։
Լևոն Հովսեփյանը 1988թ․ Սպիտակի երկրաշարժից հետո արված վերլուծությունների հիման վրա մասնակիցներին ներկայացրեց երկրաշարժից առաջ, երկրաշարժի ընթացքում և երկրաշարժից հետո տարբեր վայրերում գտնվելու դեպքում կատարվելիք գործողությունների ճիշտ ընթացքը, շենքերից մարդկանց տարհանելու և տուժածներին փրկելու համար անհրաժեշտ գործողությունների իրականացման ընթացքը, ծառայողական և բնակելի շենքերում մարդկանց անվտանգութունն ապահովելու համար կատարվելիք գործողությունների հերթականությունը և թե ինչ է պետք անել սեփական անձի անվտանգությունն ապահովելու համար։
Անդրադարձ կատարեց նաև պատերազմի ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված հիմնահարցերին, ինչպիսիք են՝ բնակչության ազդարարումը, տարհանումը, պատսպարումը և պաշտպանությունն անհատական պաշտպանական միջոցներով:
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում և հարցուպատասխան։