Տեղեկատվական-իրազեկման հանդիպումների շարք համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ նվիրված համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացման առկա հնարավորություններին

2024թ. մարտ-ապրիլ ամիսներին Շիրակի պետական համալսարանի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ կայացավ տեղեկատվական-իրազեկման հանդիպումների շարք համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ՝ նվիրված համալսարանում գիտահետազոտական գործունեության զարգացման առկա հնարավորություններին:

Հանդիպումների ընթացքում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց համալսարանի՝ 2023-2027թթ. Զարգացման ռազմավարական ծրագրին համահունչ ներդրված գիտահետազոտական գործունեության զարգացման քաղաքականության, ինչպես նաև գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունների և առաջնահերթությունների զարգացման հայեցակարգի հիմնական դրույթները, մոտեցումները, սկզբունքները և կիրառվող մեխանիզմները:

Ներկայացվեցին համալսարանում 2023-2027թթ.-ի գիտահետազոտական գործունեության զարգացման նպատակով մշակված և ներդրված եռաստիճան նոր մեխանիզմները՝

  • գիտահետազոտական գործունեության բոլոր ուղղությունների զարգացում և խթանում /Համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգ/,
  • ըստ առաջնահերթությունների՝ գիտահետազոտական գործունեության զարգացում և խթանում /Համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգ/,
  • ըստ առաջնահերթությունների՝ գիտահետազոտական գործունեության առևտրայնացման զարգացում և խթանում /Համալսարանում գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ստացված արդյունքների առևտրայնացման նպատակով լաբորատորիայի հիմնադրման կարգ/։

Լ. Մարգարյանը նաև անդրադարձավ Համալսարանի աշխատակիցների և ուսումնառողների կողմից իրականացվող գիտահետազոտական գործունեության համար լրավճարի տրամադրման կարգում 2023թ.-ին ներդրված նոր գործիքակազմերին:

Քննարկումներն ուղեկցվեցին ակտիվ հարցուպատասխանով: