Շարունակվում է ՇՊՀ-Սուչավայի համալսարան համագործակցությունը

Շիրակի պետական համալսարանի և Սուչավայի Շտեֆան սել Մարեի (Ռումինիա) համալսարանների միջև Եվրամիության Էրազմուս+ ակադեմիական շարժունության և փոխանակումների ծրագրի շրջանակներում ձևավորված համագործակցությունը շարունակվում է շուրջ երեք տարի: Այդ ընթացքում ինչպես ՇՊՀ-ի ուսանողներն ու դասախոսներն են շարունակել իրենց ուսումնառությունը, դասավանդումն ու վերապատրաստումը գործընկեր Սուչավայի համալսարանում, այնպես էլ  ՇՊՀ-ն է հյուրընկալել  ռումինացի իր գործընկերոջը՝ պատմության և աշխարհագրության ֆակուլտետի դասախոս Վասիլի Էֆրոսին:

Մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 22-ին ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանն աշխատանքային հանդիպում ունեցավ վերոնշյալ ծրագրի շրջանակներում երկրորդ անգամ ՇՊՀ այցելած Վ. Էֆրոսի հետ և միասին քննարկեցին երկու բուհերի հետագա համագործակցության հարցերը: Իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 23 Վ. Էֆրոսն իր գործընկերների՝ Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լ. Մարտիրոսյանի և Աշխարհագրության ու սերվիսի ամբիոնի վարիչի ԺՊ Ա. Վալեսյանի հետ համագործակցության հարցերին անդրադառնալուց հետո «Սերվիս»  մասնագիտության ուսանողների համար դասախոսություն կարդաց Ռումինիայում տուրիզմի և սերվիսի առկա վիճակն ու առաջիկա հեռանկարները ներկայացնող թեմայով:

Դասն ավարտվեց ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում Վ. Էֆրոսը պատասխանեց ներկաների հարցերին: