Ամառային դպրոց՝ առաջին օր

Այսօր ՇՊՀ-ում էին Շիրակի մարզի դպրոցների ավարտական դասարանների աշակերտները, ովքեր մասնակցում էին բուհում մեկնարկած ամառային դպրոցի առաջին փուլին։ Վերջինս կտևի հունիսի 19-23-ը, իսկ երկրորդ փուլը կսկսվի հունիսի 26-ին և դարձյալ կտևի հինգ օր։

ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը ողջունեց մասնակիցներին՝ մաղթելով բարի երթ։ Նա հույս հայտնեց, որ ամառային դպրոցի շնորհիվ շատերը կսիրեն Շիրակի պետական համալսարանը ու կվերադառնան այստեղ՝ արդեն որպես ուսանողներ։

Ամառային դպրոցի առաջին օրն աշակերտները շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ընթերցասրահին, «Բանականության բանալի» ակումբին, սպորտային դահլիճներին։ Այցելեցին Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն, որտեղ ծանոթացան ՇՊՀ-ում գործող Էրազմուս+ ծրագրերին, դրանց ընձեռած հնարավորություններին։ Ծանոթացան նաև Էրազմուս+ ծրագրի շրջանակներում Ռումինիայի համալսարաններում ուսումնառությունը մեկ կիսամյակ շարունակած ուսանողների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց տպավորություններն ու փորձը։

Բնագիտամաթեմատիտիկական ֆակուլտետում դասախոսները ճամբարականների մասնակցությամբ կատարեցին քիմիայի և ֆիզիկայի լաբորատոր փորձեր։