«Եվրոպական ռեֆորմացիան» թեմայով բաց դաս

Այսօր՝ փետրվարի 19-ին, Շիրակի պետական համալսարանի Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ բաց դաս «Եվրոպական ռեֆորմացիան» թեմայով։ Դասը վարեց Պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների դոկտոր Հովհաննես Խորիկյանը։
Հանդիպման սկզբում մասնակիցներին ողջունեց Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչի ԺՊ Արշավիր Գասպարյանը։ Նա նշեց, որ համալսարանում պարբերաբար անցկացվող նմանատիպ միջոցառումները նպաստում են բուհ-ուսումնարան-դպրոց համագործակցության զարգացմանը։
Դասախոսության ընթացքում Հովհաննես Խորիկյանը համեմատականներ անցկացրեց լյութերականության, կալվինիզմի և ցվինգլիականության միջև։ Իսկ «Պատմություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողներն էլ լսարանին ներկայացրին բողոքականության առաջացման պատմական պայմանները, հոգևոր-կրոնական միջավայրը և բողոքական երկրների տնտեսական բուռն զարգացման առանձնահատկությունները։
Նշենք, որ բաց դասն անցկացվեց «Միջին դարերի պատմություն-2» դասընթացի շրջանակներում, իսկ դասընթացին մասնակցում էին Գյումրու թիվ 1 արհեստագործական ուսումնարանի դասախոսները և ուսանողները։