Որակի ապահովման հարցերին նվիրված աշխատաժողով ՇՊՀ-ում

Օրերս «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ կայացավ ՈԱԱԿ փորձագետների համաժողովը՝ «Հավատարմագրման ազդեցությունը մասնագիտական կրթության որակի մշակույթի ձևավորման վրա» խորագրով։ Շուրջ 80 փորձագետներ, որոնց թվում էին նաև ՇՊՀ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրեն Արմենուհի Սարգսյանը և սպորտի և արվեստի ամբիոնի որակի ապահովման պատասխանատու Ասյա Սիմոնյանը, քննարկել են հավատարմագրման առաջնահերթությունները և ազդեցությունը բուհական կյանքի, որակի մշակույթի ձևավորման ու զարգացման վրա անցած ավելի քան 10 տարվա ընթացքում։ Համաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել նաև  պանելային քննարկում «Հավատարմագրումն ապագայում» թեմայով, որը վարել էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

Տեղեկատվական և փորձի փոխանակման նպատակով ՇՊՀ-ում տեղի ունեցավ սեմինար-քննարկում, որի շրջանակներում Ա․ Սարգսյանը վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին ծանոթացրեց կայացած համաժողովի ընթացքում մասնակիցների կողմից կատարված եզրահանգումներն ու մատնանշված մարտահրավերները, այնուհետև անդրադարձ կատարվեց  արդյունքների և փորձագիտական զեկույցների հիման վրա ՈԱԱԿ-ի կատարած վերլուծություններին: