ՇՊՀ-ում վերապատրաստման մասնակցած ուսուցիչներին հանձնվեցին վկայականներ

Շիրակի պետական համալսարանում այսօր վկայականներ հանձնվեցին հանրակրթական ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա այն ուսուցիչներին, ովքեր 2023թ․ հուլիսի 31-ից օգոստոսի 23-ը մասնակցել էին «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացներին և ստացել համապատասխան կրեդիտներ։
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ու վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը շնորհավորեցին այն ուսուցիչներին, ովքեր ատեստավորումը հաջողությամբ են հաղթահարել։ Ռեկտորն աշխատանքային ու մասնագիտական հաջողություններ մաղթեց վերապատրաստման մասնակիցներին և հույս հայտնեց, որ ՇՊՀ-ում ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները նրանք կկիրառեն աշխատանքային հետագա գործունեության ընթացքում։
Մասնակիցներն էլ իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դասընթացները բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև որոշ առաջարկություններ ներկայացրին մասնագիտական առարկաների դասաժամերի բաշխման հետ կապված։
Հիշեցնենք, որ վերապատրաստման դասընթացները ՇՊՀ-ում իրականացվում էին 10 առարկաների գծով՝ անգլերեն, աշխարհագրություն, ֆիզիկա, ֆիզկուլտուրա, հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, ՆԶՊ, պատմություն, տարրական ուսուցման մեթոդիկա և ռուսաց լեզու, որոնց մասնակցում էին 29 դպրոցների ավելի քան 100 ուսուցիչներ: