ՇՊՀ-ում մեկնարկեց դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 8-ից Շիրակի պետական համալսարանում մեկնարկել է ավարտական փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Բուհն այս տարի ավարտել են 595 շրջանավարտներ, որոնցին 136-ը ստացել են գերազանցության դիպլոմներ:

Հասարակական գիտությունների ֆակուլտետի գերազանցության դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, պաշտոնատար այլ անձինք:

Միջոցառումը սկսվեց Նալբանդյանցիների հուշաքարին և ՇՊՀ հերոսների հիշատակի անկյունում ծաղիկներ խոնարհելով:
Ողջունելով ներկաներին՝ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նշեց, որ բուհն այս տարի նշում է իր հիմնադրման 90-ամյակը և այս տարիների գործունեության արդյունքում մարզի հանրակրթական դպրոցների աշխատակիցների գրեթե 95 տոկոսը Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներն են: Նա նշեց, որ առավել քան վստահ է, որ ՇՊՀ-ի շրջանավարտները կգտնեն իրենց արժանի տեղը և կլինեն մրցունակ մասնագետներ աշխատաշուկայում:

ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրեց բուհի տարեգրությունը՝ 1934թ. հիմնադրումից մինչև մեր օրեր: Նա, շնորհավորելով շրջանավարտներին, վստահություն հայտնեց, որ համալսարանում ստացած գիտելիքների շնորհիվ նրանք բոլոր հարթակներում բարձր կպահեն բուհի անունը: Հասարակական գիտությունների ֆակուլտետի դեկանի ԺՊ Օֆելյա Հովհաննիսյանն էլ իր ելույթում նշեց, որ 90-ամյա բուհն ունեցել է նվաճումներ ու կորուստներ, տեսել է համավարակ ու պատերազմներ, և ֆակուլտետի շրջանավարտների շարքերում կան զոհվածների այրիներ, մայրեր, քույրեր, ովքեր կարողացել են առճակատվել կյանքի փորձություններին և հասնել այսօրվա ցանկալի արդյունքին:

Շրջանավարտներին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելուց հետո ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը և ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը հանդիսավորությամբ հանձնեցին գերազանցության դիպլոմները և բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների պատվոգրերը:

Ի թիվս մյուսների՝ գերազանցության դիպլոմներ ստացան նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օգնական Վարդուհի Մանուկյանը և ՇՊՀ ՈՒԽ նախագահ Նյուռա Մուրադյանը: