ՇՊՀ-ում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը, որին 33 անդամից մասնակցում էին 29-ը։

Մինչ օրակարգային թեմաներին անդրադառնալը ՇՊՀ ռեկտոր Ե․ Սերոբյանը ներկաներին տեղեկացրեց, որ բուհում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների հետ կապված փոխվել է գիտ․ խորհրդի կազմը՝ որոշ մարդիկ ի պաշտոնե ընդգրկվել են գիտական խորհրդի կազմի մեջ, որոշ անդամներ էլ դուրս են եկել։ Ռեկտորը շնորհակալություն հայտնեց գիտ․ խորհրդի կազմից դուրս եկած աշխատակիցներին՝ կատարած համատեղ աշխատանքի համար, որից հետո անդրադարձան օրակարգային հարցերին։

Օրակարգային երկու հարցերի՝ 2022-2023 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման արդյունքների և բակալավրի կրթական ծրագրով նոր ուսումնական պլանների մասին հաղորդում ներկայացրեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Ն․ Ավետիսյանը։ Նա նշեց, որ մասնագիտական ամբիոնների հետ համատեղ աշխատանքի արդյունքում ուսումնական պլանները համապատասխանեցվել են Որակավորումների ազգային շրջանակի և Որակավորումների ոլորտային շրջանակի պահանջներին։

Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն Լ․ Մարգարյանն էլ ներկայացրեց բուհի դասախոսական կազմի ներկայացուցիչների կողմից հեղինակված ուսումնամեթոդական ձեռնարկները գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորելու հարցը։

Քննարկված օրակարգային հարցերի շուրջ ընդունվեցին համապատասխան որոշումներ։