Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով

Մարտի մեկին տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկը Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման հարցն էր։

Հավատարմագրման հանձնաժողովի անդամները քննարկեցին բուհի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցն ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների, դիտարկեցին դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրները, նախորդ հավատարմագրումից ի վեր արձանագրված առաջընթացը և բարելավման ծրագրի իրագործման արդյունքները։

Արտաքին գնահատման փորձագիտական հանձնաժողովի վերջնական զեկույցում ՇՊՀ-ի գործունեությունը հավատարմագրման վերոնշյալ 10 չափանիշներից 9-ում գնահատվել էր բավարար, ի տարբերություն հավատարմագրման նախորդ երկու փուլերի, երբ դրական էին գնահատվել միայն 7 չափանիշներ:

Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարանին շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։

Շնորհավորում ենք ՇՊՀ-ի ուսանողությանը և բոլոր աշխատակիցներին այս նշանակալի հաջողության առթիվ և ցանկանում նորանոր նվաճումներ: