ՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ԵՐՎԱՆԴ ՍԵՐՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ մանկավարժներ, դասախոսներ, կրթության ոլորտի հարգելի՛ գործընկերներ,
Սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ:
Ուսուցչի առաքելությունը միշտ էլ եղել է ամենանվիրականն ու պատասխանատուն։ Դուք ոչ միայն գիտելիք եք փոխանցում հաջորդ սերունդներին, այլև կերտում եք մեր երկրի վաղվա քաղաքացուն, կրթում ու դաստիարակում օրինակելի, հայրենասեր ու բարձր արժեքներ կրող անհատների։ Մեր Հայրենիքի հզորացման և առաջընթացի հիմքում ընկած է հենց ձե՛ր ամենօրյա անմնացորդ ու նվիրյալ աշխատանքը։
Շիրակի պետական համալսարանի համար այս տոնն առանձնահատուկ է։ Մեր բուհի մանկավարժական հարուստ ավանդույթների և դասախոսների նվիրվածության շնորհիվ տարեցտարի կրթում ու մեծ կյանք ենք ճանապարհում մասնագետների, ովքեր այսօր մեր երկրի տարբեր դպրոցներում պատվով են ծառայում մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով այս լուսավոր տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անսպառ կորով, ստեղծագործական հաջողություններ և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ ձեր ազգանվեր աշխատանքում:
Շնորհավո՛ր Տոնդ, սիրելի՛ Ուսուցիչ։
