Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում

Հարգելի՛ ուսանողներ,
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի թիվ 1183-Ն որոշմամբ հաստատված՝ ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման դիմումները 2026-2027 ուստարվա համար ընդունվում են մինչև 2026թ. սեպտեմբերի 28-ը ներառյալ։
Առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով սովորող ուսանողները, ովքեր ունեն համապատասխան կարգավիճակ, պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ֆակուլտետի դեկանին, «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտությամբ սովորողները՝ Ռազմական ամբիոնի պետին:
Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում ըստ առաջադիմության տրամադրում է՝
1. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անապահովության սահմանային միավորից բարձր միավոր (28 և ավել միավոր) ունեցող ուսանողներին /առկա բակալավրիատում՝ ՄՈԳ 60 և ավել, մագիստրատուրայում՝ ՄՈԳ 70 և ավել/,
2. սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ուսանողներին /առկա բակալավրիատում և մագիստրատուրայում՝ ՄՈԳ 60 և ավել/,
3. մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին /առկա բակալավրիատում և մագիստրատուրայում՝ ՄՈԳ 60 և ավել/,
4. առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով սովորող՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին /ՄՈԳ 60 և ավել/,
5. առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերով սովորող՝ ընտանիքի անապահովության աստիճան ունեցող ուսանողներին /ՄՈԳ 50 և ավել/։

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջին կուրս ընդունված ուսանողներն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցումից կարող են օգտվել՝
ա. բակալավրի կրթական ծրագրերով՝ համապատասխան կրթական ծրագրի համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա,
բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին։

Սահմանված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն քննարկվում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին (հասցե՝ ք. Գյումրի, Պ. Սևակի 4, 1-ին հարկ, Դ1-14 սենյակ) բոլոր աշխատանքային օրերին՝ ժ. 9:00-17:00, ընդմիջում՝ ժ. 13:00-14:00: