ՇՊՀ-ում կայացավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը

Այսօր տոնական էր մթնոլորտը Շիրակի պետական համալսարանում:  Բուհում  կայացավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը՝ խորհրդանշելով շրջանավարտների մասնագիտական նոր ուղու սկիզբը։ Տոնական միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել համալսարանի աշխատակիցներին, շրջանավարտներին, նրանց ծնողներին ու հարազատներին։

Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ  ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Շնորհավորելով շրջանավարտներին՝ նա կարևորեց կրթության, մասնագիտական պատասխանատվության և շարունակական ինքնազարգացման դերը՝ մաղթելով, որ համալսարանում ձեռք բերած գիտելիքներն ու արժեքները դառնան նրանց հետագա հաջողությունների ամուր հիմքը և ծառայեն ի նպաստ հայրենիքի ու հասարակության զարգացման ու բարօրության։

2025–2026 ուսումնական տարում Շիրակի պետական համալսարանն ավարտեցին 557 ուսանող, որոնցից 161-ը՝ մագիստրոսական, իսկ 396-ը՝ բակալավրի կրթական ծրագրերով։

Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, ուրախ ժպիտներով, հուզիչ պահերով և շնորհավորանքներով։ Օրվա հիշարժան դրվագներից էր նաև ամուսնության առաջարկը, որ ստացավ շրջանավարտներից մեկը:

Շրջանավարտների անունից հնչեցին նաև շնորհակալության ու երախտիքի խոսքեր՝ ուղղված համալսարանի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին ու ծնողներին՝ ուսանողական տարիներին ցուցաբերած աջակցության, նվիրված աշխատանքի և գիտելիքների փոխանցման համար։

Շիրակի պետական համալսարանը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին այս կարևոր ձեռքբերման առթիվ և մաղթում, որ յուրաքանչյուրի մասնագիտական ճանապարհը լինի հաջողություններով, նոր նվաճումներով ու ստեղծագործ նախաձեռնություններով լի։

Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ։

P1430196.00_00_11_36.Still001_edited
« of 13 »